«Համոզված եմ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը ԶՈւ-ի գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ է անելու». Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի փոխանցմամբ ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքը բավականին ոգևորել է Հայաստանի հակառակորդին:
«Եթե նրանք խոսեին հակառակորդի անունից, կարծում եմ՝ բավականին օրինաչափ կլիներ, հակառակորդի համար ինչ-որ ոգևորող հայտարություններ են անում: Չգիտեմ, թե իրականում նրանց նպատակը որն է, բայց վստահեցնում եմ, այդ ամենը մեր մարտունակության վրա որևէ ազդեցություն չի ունենում, եթե հակառակորդը փորձում է դրանից ոգևորվել, ապա տեղում այդ ոգևորությունը ճնշվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հարցազրույցներից մեկում թվարկելով Կառավարության վարած քաղաքականությունն ու բացթողումները՝ ասել էր, որ, եթե Ալիևի տեղը լիներ՝ կհարձակվեր կորոնավիրուսի մեջ տառապող երկրի վրա, ավելին՝ հնարավոր է, որ Ադրբեջանը հարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլ նաև Հայաստանի սահմաններում անհանգստություններ լինեն:
Փոխնախարարի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին, թե հակառակորդը չի՞ ոգևորվում, երբ հայտարարություններ են լինում, թե ապրիլյան պատերազմը կարող էր ներքին պայմանավորվածության արդյունք լինել, երբ ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվում այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար, և այլն, Գաբրիել Բալայանը պատասխանեց.
«Իրականում այդ հայտարարությունների համախումբը որ վերցնենք, նույն այդ հայտարարությունները, որոնք տեղի են ունեցել երեկ կամ դրանից առաջ, դրանք անպատասխան չեն մնալու: Նույն այդ հայտարարությունները, որոնցով փորձ է արվում ստվեր գցել այն ծառայության վրա, որն իրականացվում է և իրականացվելու է, մենք համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկելու, որպեսզի այդ հայտարարությունների հեղինակներն իրավական պատասխանատվության ենթարկվեն՝ ելնելով այդ պահի դրությամբ ՀՀ-ի շահերից: Վաղը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին օրն է, համոզված եմ, որ Զինված ուժերի գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու, որովհետև այն տեղեկատվությունը, որին ես տիրապետում եմ, ինձ տեղ չի տալիս մտածելու, որ Զինված ուժերն այդտեղ որևէ կերպ թերացել են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԶՈւ-ի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատորովի՝ քննիչ հանձնաժողովի նիստերին չներկայանալուն, Գաբրիել Բալայանն ասաց, որ այս ամենն իր մեկնաբանության տիրույթում չէ, ուստի կոռեկտ չի համարում որևէ մեկնաբանություն տալ։
ՊՆ փոխնախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ հավանաբար հուլիսից Հայաստանը կսկսի արտադրել հրաձգային տեղական զենք: