«ԶՈւ-ում վերահսկելի իրավիճակ է՝ անհանգստանալու որևէ կարիք չկա». Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ համաճարակային իրավիճակը Պաշտպանության բանակում վերահսկելի է:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարտադիր զինծառայողներին և նրանց ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք այսօր մտցվել են՝ արձակումների և արձակուրդների հետ կապված: Զինծառայողներից վարակվածների հիմնական մասը պայմանագրային և սպայական կազմից են, այսինքն՝ նրանք, որոնք, օրենսդրության համաձայն՝ իրավունք ունեն ելումուտ ունենալ զորամասեր, մի քանի դեպք եղել է նաև ժամկետայինների շրջանում, սակայն նրանք բուժվել են:
Վերահսկելի իրավիճակ է, անհանգստանալու որևէ կարիք չկա, կարևորը՝ Զինված ուժերի պատրաստվածության ու մարտունակության վրա այդ ամենը չի ազդել: Զինված ուժերում նախատեսված բոլոր ծրագրերն ըստ պլանի կատարվում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գաբրիել Բալայանը:
Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի օրերս արած հայտարարությանը՝ զենքի անօրինական վաճառքի վերաբերյալ, որին անդրադարձել էր նաև իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Գաբրիել Բալայանը նշեց՝ ցավում է, որ այդ ամենը դարձել է հանրային քննարկման առարկա. «Փորձում են անօրինական խաղերի մեջ ներգրավել Պաշտպանության նախարարությանը: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ձևավորվել է ներկայիս կառավարությունը, որևէ երրորդ երկրի հետ, ի դեմս ՊՆ-ի, Հայաստանի մասնակցությամբ որևէ նման գործարք տեղի չի ունեցել: Բացի դրանից, խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի «Լիցենզավորման մասին» օրենք, մասնավորապես՝ 12.1 հոդվածը, որը սահմանում է ռազմական արտադրանքի, ներմուծման, արտադրության, տարանցիկ փոխանցման հետ կապված իրավահարաբերությունները»,- պարզաբանեց Պաշտպանության փոխնախարարը:
Ինչ վերաբերում է անպետք զենքերի ձեռքբերմանը և նման գործարքին Դավիթ Տոնոյանի մասնակցության վերաբերյալ հայտարարությանը՝ Գաբրիել Բալայանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ, երկար տարիներ եղել է փոխնախարար, և նրա պաշտոնավարման ժամանակ մասնակից չի եղել որևէ նմանատիպ գործարքի:
«Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք է բերվում՝ համաձայն ԶՈւ-ի զարգացման պլանի և մի շարք այլ ծրագրերի: Սա խորը պլանավորված գործընթաց է, ես չեմ կարող այստեղ հայտարարել, որ դա անթերի գործընթաց է, հնարավոր է եղել են այնպիսիք, որոնք տեխնիկապես բարեփոխելու հնարավորություն են ունեցել, սա նորմալ եմ համարում: Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն»,- շեշտեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: