«Մահերի քանակը, որն ունենք, ուղղակի անհնար է՝ առանց պատասխան տալու այդ էջը թերթել». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վարչապետի  ֆեյսբուքյան էջում հրապարակվող լուսանկարներին ու տեսանյութերին։

Հիշեցնենք, որ երեկվանից վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ մարդիկ են խմբված կամ մասնակցում են ինչ-որ արարողության:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկու ամիս է, նույն վիճակն է, այսինքն՝ երկու ամիս մարդիկ նման կերպ են վարվում, և որևէ մեկն այդ հարցով չի զբաղվում:
«Թոշակները նույն ձևով բաժանվել են, սակայն որևէ միջամտություն չի եղել, հիմա ուղղակի այդ նկարները տեղադրել, որ իբրև սա նոր է եղել՝ այդպես չէ: Երկար ժամանակ է՝ իրավիճակն այդպիսին է, և համապատասխան մարմիններն այդ ընթացքում իրենց վրա դրված պարտականությունները չեն արել: Միայն ոստիկանությունը չէ, մարզերում մարզպետարանները, համայնքապետարանները: Հիմա լավ է ուշ, քան երբեք, գոնե այսօրվանից սկսած այդ հեռավորությունը պահպանեն, այդ թվում՝ բանկերում: Քիչ առաջ խոսեցի Կենտրոնական բանկի նախագահի հետ,  նա ասաց, որ ակտիվ զբաղվում է, օրինակ, բանկեր գիտեմ, որ աշխատողների կեսն աշխատել է, կեսը՝ ոչ, որ, եթե վարակվեն, աշխատող մարդ գոնե ունենան»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ այս պայմաններում խիստ սահմանափակումների անցնելն օգտակար կլինի՞, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն ապրելու համապատասխան միջոցներ, օրինակ՝ քաղաքացիների փոխարեն՝ պետությունը վճարի կոմունալները, փող հատկացնի, որպեսզի մարդիկ ապրեն: Սահմանափակումներ չեն կարող լինել, եթե մարդկանց ապրելու համար փող չտան:

«Այս պատճառով հիմա Կառավարությունը կանգնել է ծանր խնդրի առջև, որովհետև չի կարող փակել ու որևէ բանով քաղաքացուն չաջակցել, եթե փակի, պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերի, իսկ դրա համար պետք է միջոցներ ունենա: Ես հիմա չգիտեմ, այս ամիսների ընթացքում չեմ նայել, թե ինչ վիճակում է, բայց եթե դրա կարիքը լինի, գուցե դա էլ պետք է արվի, սակայն ողջամտության սահմաններում: Հիմա, եթե երկու շաբաթվա առաջարկն է, որ երկու շաբաթով պետք է փակվի, դա այդքան էլ ողջամիտ չէ, քանի որ այսօրվա վարակվածը 14 օրից է իմանալու, որ վարակվել է:  ճիշտը եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նաև հավելեց, որ այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են համավարակի դեմ պայքարի գործում, պետք է ընդունեն, որ ներդրված քաղաքականությունն ունի բացթողումներ, հետևաբար՝ այդ մարդիկ պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից:

«Մահերի քանակը, որն ունենք, ուղղակի անհնար է՝ առանց պատասխան տալու այդ էջը թերթել: Այս վիճակից պետք է դուրս գանք, նոր այդ մասին խոսենք, չեմ կարծում, որ հիմա դրա ժամանակն է»,- շեշտեց Է. Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս