Բաժիններ՝

«Դիմակները 100 տոկոսով չեն ապահովագրում վարակվելուց, բայց սա չի նշանակում, որ դիմակ չպետք է կրեն». Նարեկ Զեյնալյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, թե կորոնավիրուսով վարակված դեպքերի աճն արդյո՞ք պայմանավորված չէ իշխանությունների իրարամերժ հայտարարություններով, մասնավորապես՝ կապված դիմակների հետ:

«Իրարամերժ ձևակերպումն այդքան էլ տեղին չէ, որովհետև այն դիմակները, որոնք հիմա մարդիկ կրում են, միշտ ասվել է, և հիմա էլ ես ասում եմ՝ սա 100  տոկոսով չի ապահովագրում վարակվելուց, բայց սա չի նշանակում, որ մենք դիմակ չպետք է կրենք, որովհետև կանխում է մեզ վարակվելուց կամ մեր կողմից այլ անձին վարակելուց: Եթե կա որևէ միջոցառում, որը կարող է գեթ 1 տոկոսով էլ կանխել վիրուսի տարածումը, պետք է իրականացնել այդ միջոցառումը»,- շեշտեց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ մահվան դեպքերով Հայաստանն ամենևին էլ առաջին հորիզոնականում չէ, քանի որ մահաբերության ցուցանիշը բավականին ցածր է՝ համեմատած համաշխարհային միջինի հետ, և շատ երկրներում արձանագրված մահերի գործակցի հետ: Որոշ եվրոպական երկրներում մահաբերության ցուցանիշը ընդհուպ մինչև 15 տոկոս է, իսկ Հայաստանում 1,5 տոկոսի շրջանակներում է:

«Այս ամենը չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է թուլացնենք, միջոցառումները թուլացնենք, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու, անձի կյանքը և առողջությունն ըստ էության բարձրագույն արժեք են, որի համար պետք է պայքարել»,- նշեց Նարեկ Զեյնալյանը:

Իմքայլական պատգամավորը նաև արձանագրեց, որ, երբ վերլուծում են վիճակագրությունը, թվերի աճ է նկատվում. «Կարելի է ասել՝ դեռ պիկին չենք հասել, որովհետև թվերը պետք է սկսեն նվազել և հասնել զրոյի, որպեսզի ասենք, որ պիկին հասել ենք և հաղթահարել ենք: Սրանից կախված տարբեր պետություններ տարբեր վարքագիծ են դրսևորում այլ պետությունների նկատմամբ՝ սահմաններ բացել-չբացելու հետ կապված»,- հավելեց նա:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ պարետատան նիստերին իր մասնակցությունն առաջացրել է Արսեն Թորոսյանի դժգոհությունը, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ չգիտի, թե ինչու են մամուլում նման հրապարակումներ լինում, քանի որ նման դժգոհություն կամ որևէ առիթ չի եղել:

«Այդ հրապարակումները որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը: Բնականաբար, որքան մեծ լինի մասնակցությունը պարետատան աշխատանքներին, այդքան ավելի արդյունավետ կլինի, դրանով իսկ պայմանավորված՝ ինձ հրավիրել են, որպեսզի մասնակցեմ պարետատան նիստերին, և ես մասնակցում եմ»,- ընդգծեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս