Բաժիններ՝

Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնած  «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթում առաջին տեղն են զբաղեցրել 11-ամյա Վարդգես Մկրտչյանը և 12-ամյա Արմինե Ավետիսյանը, որոնց ստեղծագործությունները համացանցում հավաքել են հավանումների գրեթե հավասար քանակ:

Մրցույթի արդյունքները հրապարակվել են օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիրելի փոքրիկներ, բոլորիդ աշխատանքները մեզ այնքան են հիացրել, որ մենք որոշեցինք փոքր-ինչ փոխել մրցույթի ի սկզբանե հայտարարված կանոնները և ավելացնել ևս 2 մրցանակ՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող աշխատանքների հեղինակների համար։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է 11-ամյա Սերժ Իշխանյանը, իսկ
երրորդը՝ 13-ամյա Նարե Իսահակյանը»,-ասվում է թատրոնի տարածած հայտարարությունում:

Թատրոնը սահմանել է հատուկ մրցանակներ իննամյա Խոսրով Գևորգյանի, տասնամյա Վահե Սահակյանի, 12-ամյա Յանա Խաչատրյանի, 13-ամյա Սարգիս Նալբանդյանի և 13-ամյա Մերի Խաչատրյանի համար:

Մրցույթի ամենափոքր մասնակցի՝ չորսամյա Ելենա Եփրեմյանի համար նույնպես մրցանակ է սահմանվել:

«Սիրելի փոքրիկներ, խնամքով պահեք ձեր գեղեցիկ աշխատանքները, քանի որ թատրոնի գործունեությունը վերսկսելուց անմիջապես հետո թատրոնի ճեմասրահում կկազմակերպվի ձեր աշխատանքներով ժամանակավոր ցուցադրություն։ Եվս մեկ անգամ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը բոլոր մեր փոքրիկներին և մաղթում պայծառ, լուսավոր ու անհոգ մանկություն։ Մինչ հանդիպում մեր սիրելի թատրոնում»,-ասվում է հաղորդագրությունում:

Մրցանակակիրները պետք է իրենց հեռախոսահամարները և/կամ էլ. հասցեները ուղարկեն հետևյալ էլ. հասցեով՝ [email protected], որպեսզի թատրոնից կարողանան կապ հաստատել երеխաների հետ մրցանակները հանձնելու համար: Վերջնաժամկետը՝ հունիսի 12-ը ներառյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս