«Ժողովուրդն արդեն իր արարքներով անվստահություն է հայտնում Առողջապահության նախարարին». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները տևական ժամանակ արդեն չեն հետևում կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումներին, արդեն անվստահություն է Առողջապահության նախարարին:

«Գիտեք, երբ մեկ անգամ վստահությունը խաթարում են, շատ դժվար է վերականգնել, հետևաբար՝ այն վերաբերմունքը, որը Առողջապահության նախարարն ուներ վիրուսի նկատմամբ, շատ քաղաքացիներ այլևս չեն կարողանում հաղթահարել և լուրջ վերաբերվել նրա արած հայտարարություններին: Սա շատ ցավալի է, և ժողովուրդն արդեն իր արարքներով անվստահություն է հայտնում նրան»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանե Թանդիլյանը:

Անդրադառնալով այսօր վարչապետի արած այն հայտարարությանը, որ, եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել  իշխանության, Մանե Թանդիլյանն ասաց, որ ժողովուրդը, քաղաքացիները գնում են ընտրության իրենց պատկերացումներով, իրենց տված խոստումներով: Սակայն հիմա տեսնում են այն, ինչ տեսնում են, որից քաղաքացիները եզրակացություն կանեն:

«Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իշխանությունն ունի պարտավորություն և պետք է ապահովեր նրանց անվտանգությունը և այն, ինչը խոստացել էր իր ծրագրերով: Հիմա արտակարգ դրություն է, հետևաբար՝ որևէ մեկը չէր սպասի, որ նման բան կլիներ, այստեղ արդեն առաջ է գալիս Կառավարության ունակությունն ու կարողությունը: Հիմա արդեն ժողովուրդն ականատես է լինում, որ ծանր վիճակում Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու իրեն  և այդ պատասխանատվությունն աստիճանաբար օտարում է իրենից»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է անցնեն հիվանդների «խորը սորտավորման», Մանե Թանդիլյանն ասաց, որ հասկանում է, որ այդ հայտարարությունն արվել է այն պատճառով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված կա խորը ճգնաժամ:
«Ես չգիտեմ՝ նախարարն ի՞նչ նկատի ունի՝ «խորը սորտավորում» ասելով, բայց գիտեմ նաև, որ շատ դեպքերում մարդիկ ունենում են ջերմություն, զանգահարում են և նրանց ցուցում են տալիս, թե տնային պայմաններում ինչ կարող են անել»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս