Ազգային պատկերասրահի շենքի արտաքին պատերն ամբողջությամբ մաքրվել են մակագրություններից
Հայաստանի ազգային պատկերասրահը սեփական միջոցներով մաքրել է շենքի արտաքին պատերը, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են վանդալիզմի տարբեր դրսևորումների:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերասրահի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանն ասաց, որ «ստեղծարար» քաղաքացիների մտքի ու երևակայության թռիչքն արտացոլվել էր Հայաստանի ազգային պատկերասրահի արտաքին պատերին։
«Մարդիկ սիրո խոստովանությունները, մակագրությունները, գրական ու նկարչական զեղումները դրոշմել էին քաղաքի կենտրոնում գտնվող ամենավեհաշուք շենքերից մեկի պատերին։ Հայաստանի ազգային պատկերասրահն սկսեց մաքրման աշխատանքները, ներդրեց զգալի ֆինանսական միջոցներ ու մարդկային ներուժ, որպեսզի կարողանա վերացնել որոշ մարդկանց տգիտության ու անփութության հետքերը»,-շեշտեց Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ ջանք ու եռանդ չեն խնայել դրական արդյունք ապահովելու համար: Նիկողոսյանը հույս ունի, որ համաքաղաքացիները կգնահատեն արված աշխատանքը, և իրենք այլևս չեն բախվի նման խնդրի:
Պատկերասրահի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն կոչ արեց համաքաղաքացիներին հիշել, որ գեղեցիկ շենքը, որում գործում է երեք թանգարան, (Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան) ազգային հարստություն է։
«Պահպանենք և խնամքով վերաբերվենք մեր հարստությանը»,-շեշտեց Նիկողոսյանը: