Բաժիններ՝

Ամենախոցելի խավն  այսօր մնացել է առանց օգնության․ օրավարձով աշխատած քաղաքացին չի կարողանում վճարել կոմունալներն ու տան վարձը

Հերմինե Մատինյանը, ով նախքան արտակարգ դրությունը խոհարար է աշխատել և կարողացել է պահել իր ընտանիքը, վճարել աղջկա ուսման ու տան վարձը, այսօր անելանելի վիճակում է հայտնվել։

«Ես խոհարար եմ աշխատել, սակայն, երբ  կորոնավիրուսի հետևանքով արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 15-ից այլևս հնարավոր չեղավ աշխատել։ Աղջիկս Երևանի պետական համալսարանում է սովորում, երրորդ կուրսի ուսանող է, վճարովի է սովորում, անգամ այս տարվա ուսման վարձն եմ ամբողջովին մարել ու երբեք պետությանը ոչ մի հարցով չեմ դիմել, հույսս ինձ վրա եմ դրել ու աշխատել եմ։ Հիմա խնդիրն այն է, որ այսօր զրկված եմ աշխատելու հնարավորությունից։ Ուղղակի մեծ խնդիր ունեմ՝ տուն չունեմ, վարձով ենք բնակվում, ու կոնկրետ կանգնած եմ փաստի առջև, կարող է դրսում հայտնվենք՝ բառիս բուն իմաստով»,- 168am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Մատինյանը:

Նաև հավելեց.  «Գրանցված աշխատող չեմ եղել, օրավարձով եմ աշխատել ու կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներից չեմ կարողացել օգտվել։ Ապրիլ ամսվա տան վարձը չեմ վճարել ու երկու ամսվա կոմունալները՝ փետրվար, մարտ։ Տան վարձի ապրիլ ամսվա գումարը  կազմում է 60․000 դրամ, երկու ամսվա կոմունալներինը՝ 120․000։

Տան վարձի հետ կապված՝ զանգեցի Շենգավիթի թաղապետարան, ասացին, որ սննդով կարող են օգնել, հրաժարվեցի, բայց ամեն դեպքում՝ ուղարկեցին, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Ասացին՝ գոնե սրա համար գումար չեք ծախսի։ Գոնե հանրային տրանսպորտն աշխատի, որ, ասենք, քաղաքի մյուս ծայրը  կարողանաս գնալ ու աշխատանք գտնել։ Ես այս պահին չեմ նայի, թե ինչպիսի աշխատանք կլինի՝ թեկուզ աման լվացողի, ցանկացած աշխատանքի պատրաստ եմ։ Մի քանի օր առաջ Ավանի հյուրանոցներից մեկում խոհարարի աշխատատեղ կար, ճիշտ է՝ շատ քիչ աշխատավարձով, բայց կգնայի առանց մեկ վայրկյան մտածելու, բայց երբ մտածում ես, որ տաքսիով Շենգավիթից Ավան պետք է գնաս ու օրավարձի 6000 դրամից 4000-ը տաս տաքսուն, արդեն աշխատելդ բացարձակ անիմաստ է դառնում։ Հասկանո՞ւմ եք, ամենախոցելի խավն  այսօր մնացել է առանց օգնության։ Ես այս պետության քաղաքացին եմ, ինձ աշխատելու հնարավորություն թող տան, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»։

Քաղաքացուն օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարներով՝ 055309250, 094348032։ Հասցե՝ Շենգավիթի 15 փողոց, 19 տուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս