«Հանրակրթական դպրոցներում տարին կավարտվի հեռավար ծրագրով. ավարտական քննություններ չեն լինելու». ԿԳՄՍ նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթության ծավալներն ու տեմպը, որն այս պահին կա, նախարարությանը հիմնականում գոհացնում է, չնայած կան խնդիրներ՝ բովանդակության, մեթոդաբանության և կազմակերպման հետ կապված, որոնք ծրագրի հենց սկզբից էլ եղել են:
«Նախ՝ ուզում եմ ասել, որ տարին ավարտելու ենք հեռավարով, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու, մայիսին հեռավար կրթությունը նույնպես շարունակվելու է: Այս ընթացքում մենք հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել, և նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, շաբաթ օրերին կունենանք պահուստային օրեր: Նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը, բայց կրկին մայիսի ամփոփումից է կախված այդ պահուստային օրերը, նույնիսկ կարող ենք ասել՝ պահուստային շաբաթ, քանի որ մեզ անհրաժեշտ է՝ տեսնելու համար, թե ինչ ենք բաց թողել, ինչ ծավալ չենք փակել: Եվ այն աշակերտների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետ են ընկել կամ չեն կարողացել ամբողջությամբ ուսումնական նյութը մարսել, ուրեմն՝ կլինեն պահուստային օրեր, որոնք ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ մայիսը կավարտվի հեռավար ծրագրով, և էլեկտրոնային մատյաններով կտեսնեն, թե ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել:
Ըստ նախարարի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու՝ 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին: Աշակերտների մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, և որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան:
«Փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը կրկին տեղի է ունենալու նույն ձևով: Այսինքն՝ այս տարվա քառորդները հետևյալ կերպ ենք ամփոփելու, մինչև արտակարգ դրությունը՝ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածի գնահատականներով կամփոփվեն, և մենք կունենանք կիսամյակային գնահատականները, այնուհետև՝ տարեկան գնահատականները:
Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարաններում քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը լինելու է նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ ավարտական դասարանների աակերտները քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, նրան հնարավորություն է տրվել ընտրել՝ կա՛մ պահպանել քննության արդյունքը, կա՛մ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական, ամփոփումը կկատարվի և ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը»,- հավելեց նախարար Հարությունյանը: