Արդյո՞ք հիմա դրա լավագույն ժամանակն է. ինչո՞ւ են շտապում իշխանությունները
Մինչ աշխարհը ելքեր է փնտրում, թե ինչպես պաշտպանի մարդկանց կորոնավիրուսի հետևանքներից, և ինչպես տնտեսությունը դուրս բերի ճգնաժամից՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց էշը քշել. 2 ամիս առաջ, երբ համաճարակը գրոհում էր, իշխանությունները սահմանադրական հանրաքվեի էին պատրաստվում, հիմա էլ երկիրը հայտնվել է սոցիալական ու տնտեսական անդունդի մեջ, իսկ մենք գնում ենք սեփականության վերաբաշխման՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման անվան տակ։
Այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքը պետք է վերադարձվի, կասկածից դուրս է։ Բայց արդյո՞ք հիմա լավագույն ժամանակն է դրա համար։
Ճգնաժամային այս իրավիճակում կառավարությունները մտածում են, թե ինչպես տնտեսության մեջ ներդրումներ ներգրավեն, իսկ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ խուսափեն ներդրումներ անելուց։ Համաշխարհային տնտեսությունը բախվել է լուրջ մարտահրավերների, և անիմաստ է ընդհանրապես դրսից ներդրումներ ակնկալելը։ Նախկինում, երբ տնտեսական իրավիճակը շատ ավելի հանդարտ էր, ներդրողները խուսափեցին գալ Հայաստան։ Հիմա, առավել ևս, չեն գա։
Այս պայմաններում միակ հույսը ներքին ներդրումներն են, որոնք կարող են փրկություն լինել տնտեսության համար։ Ներքին տնտեսության մեջ այդպիսի հնարավորություններ կան և քիչ չեն։ Բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ներքին ներդրողները ևս մոտ չգան տնտեսությանը։
Էական չէ, թե ինչ կասեն կամ չեն ասի, մի բան միանշանակ է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ստիպելու է շատերին հրաժարվել իրենց ներդրումային մտադրություններից։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ այսօրվա ներդրումները, որոնք պետք է վերածվեն արտադրական շինության կամ որևէ այլ օբյեկտի, վաղը չեն համարվի ապօրինի ծագում ունեցող և չեն բռնագանձվի։
Օրենքի ընդունումից հետո շատերը կանգնած են իրենց գույքը և ունեցվածքը կորցնելու խնդրի առաջ։ Կարևոր չէ, դա օրինակա՞ն, թե՞ անօրինական ճանապարհով է ձեռք բերվել։ Շատ դժվար, եթե ոչ՝ անհնարին է լինելու ապացուցել, որ այդ գույքն ապօրինի ծագում չունի։ 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ ձեռք բերված գույքի համար փաստաթղթային հիմնավորումներ բերելը հեշտ բան չէ։ Այդպիսի հիմնավորումների ստեղծման մասին ժամանակին քչերը կարող էին մտածել, որպեսզի այսօր չկանգնեին փաստի առաջ։
Այնպես որ, ցանկացած դեպքում, երբ կներկայացվի նման պահանջ՝ գույքը և ունեցվածքը կորցնելու ռիսկից որևէ մեկն ապահովագրված չի կարող լինել։
Այս ամենի նպատակը, իհարկե, պարզ է, դրան մեկ անգամ ևս անդրադառնալու կարիք չկա։ Բայց մի բան հստակ է, որ դա բերելու է շատ լուրջ իրավական քաոսի՝ իր բացասական դրսևորումներով։ Որքան էլ ապօրինի ծավում ունեցող գույքը հետ վերադարձնելն անհրաժեշտություն լիներ, դրան չպետք է ստորադասվեն մյուս խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ գործընթացի հետևանքով։ Որ դա ոչնչով չի տեղավորվում ներդրումային ակնկալիքների մեջ, միանշանակ է։
Սակայն խնդիրը միայն ներդրումները չեն։ Մարդիկ սկսելու են մտածել իրենց ակտիվներն ու ունեցվածքը երկրից հանելու մասին։ Մեծանալու է նաև ֆինանսական միջոցների արտահոսքի վտանգը։ Առանց այդ էլ դուրս գնացող տարադրամի ծավալները Հայաստանից քիչ չեն։
Անցած տարի ֆիզիկական անձանց կողմից երկրից բացառապես բանկերով դուրս տարված գումարը հասավ 1,5 մլրդ դոլարի։ Նախկինում երբևէ նման քանակի ֆինանսական միջոցներ դուրս չէին եկել երկրից։ Թեև դա փորձ արվեց կապել որոշ գործոնների, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ներմուծման ակտիվության հետ, այնուհանդերձ պարզ է, որ միայն այդ նպատակով չէ, որ գումարները դուրս են եկել։ 2018թ., երբ տրանսպորտային միջոցների ներմուծման նման ակտիվություն չկա, Հայաստանից դուրս էր գնացել շուրջ 1,2 մլրդ դոլար։
Ավտոմեքենաներ այլևս չեն բերվում, սակայն ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվություն է նկատվում նաև այս տարվա սկզբին։ Դեռ վաղ է ասել, թե դա ինչի հետևանք է, բայց գործ ունենք վտանգավոր երևույթի հետ։ Վերջին շրջանի տնտեսական ու սոցիալական գործոններով պայմանավորված՝ նվազել են Հայաստան մտնող տարադրամային հոսքերը։ Այդ պայմաններում տարադրամի արտահոսքը չի կարող չանհանգստացնել։
Այն, ինչ պատրաստվում է անել իշխանությունը, առաջիկայում կարող է ակտիվացնել այդ գործընթացը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ռիսկային է նաև անշարժ գույքի շուկայի համար։ Առավել ևս՝ այսօրվա իրողությունների պայմաններում, երբ շուկան գահավիժում է։
Կասկած չկա, որ այդ իրավիճակը դեռ երկար է պահպանվելու։ Առաջիկայում՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին հատվածից Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ ներկայացվող պահանջարկը լրջորեն կրճատվելու է։ Մի կողմից՝ տնտեսությունն է մտնում անկման փուլ, մյուս կողմից՝ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։ Արդյունքում՝ սպասվում է ոչ միայն՝ շուկայի պասիվացում, այլև՝ գների նվազում։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն ավելի կծանրացնի շուկան։ Անգամ բռնագանձման դեպքում դժվար է կարծել, որ այդ գույքը շատ արագ գնորդ կունենա։ Այն գնալու է համալրելու պետության վրա ծանրացած գույքերի շարքը։
Մեկ տարուց ավելի է, ինչ կառավարությունը չի կարողանում անգամ մեկ բռնագանձված կամ «կամավոր» հանձնված գույք վաճառել։ Խոսքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի մասին է։ Եվ ինչն է կարևոր. որևէ մեկն անգամ մոտ չի գալիս այդ գույքին։ Կազմակերպված 2 աճուրդում ոչ մի մասնակից չեղավ։
Բռնագանձված գույքը, ցանկացած պարագայում, հեշտ չի լինելու վաճառել։ Ու եթե իշխանությունները մտադիր են հետ բերել ապօրինի ծագում ունեցող գույքը՝ պետք է մտածեն նաև դրա հետագա տնօրինման մասին։ Ի վերջո, այն կարող է նաև արտադրական կամ այլ նշանակության օբյեկտ լինել։ Հավանականությունը մեծ է, որ բռնագանձումից հետո այդ գույքը կհայտնվի հարկադիր պարապուրդի վիճակում։ Ու դեռ հարց է՝ դրանից պետությունն ավելի շատ կշահի՞, թե՞ կվնասվի։
Որքան էլ ապօրինի գույքը վերադարձնելու ցանկությունները գուցե մեծ են, այնուհանդերձ, քիչ չեն նաև ռիսկերը։ Նման ծանրության տակ մտնելուց առաջ հարկավոր է ծանր ու թեթև անել բոլոր հնարավոր հետևանքները։ Զուտ տնտեսական առումով՝ հիմա լավագույն պահը չէր նման քայլի գնալու համար։
Բայց իշխանությունները հավանաբար իրենց հաշվարկներն ունեն։ Սոցիալական ու տնտեսական իրավիճակը երկրում սրվում է, և հասարակության շրջանում ավելանում են դժգոհությունները։ Մարդկանց ուշադրությունը շեղելու կարիք կա։ Իսկ դրա համար իշխանությունները մեկ հիմնական թիրախ ունեն, և այդ թիրախը նախկիններն են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ