«Բոլորս՝ Մինասյանի գլխավորությամբ, պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ մեր աշխարհը նաև միֆերի աշխարհ է»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի Միքայել Մինասյանի Aravot.am-ում հրապարակված հոդվածը (Ճշմարտության պահը, 04.25.2020)։ Տեքստն իհարկե ուշագրավ է, քանի որ արծարծվում են արդիական խնդիրներ։ Ի տարբերություն նախորդ հոդվածների, պարոն Մինասյանի այս գրվածքը առաջ է քաշում փիլիսոփայական հարցադրումներ, որոնց շուրջ էլ կառուցարկվում է իմ այս փոքրիկ գրառումը։

Միանգամից նշեմ, որ ամենևին էլ բովանդակային տեսանկյունից հակադրվելու նպատակ չունեմ, քանի որ այս պարագայում ինձ հետաքրքրողը ոչ այնքան իմաստն է, այլ՝ տեքստի կառուցվածքը, առաջ քաշված տեսությունը և դրա հիմնավորման մեթոդներն ու օգտագործված գործիքները։

Եվ այսպես, Մինասյանի հոդվածը ամբողջությամբ ողողված է անհաղթահարելի խոչընդոտներով։ Նա առաջ է քաշում տեսություն, որը ոչ միայն չի փորձում հիմնավորել փաստերով, այլ ընդհակառակը՝ տպավորությունն է այնպիսին է, թե փաստերը փորձում է մեխանիկորեն հարմարեցնել տեսությանը։ Բայց չէ՞ որ գիտական միտքն արդեն վաղուց եկել է այն եզրակացությանը, որ եթե տեսությունը հնարավոր չէ էքսպերիմենտներով և փաստերով հիմնավորել, ապա անհրաժեշտ է փոխել հենց տեսությունը, այլ ոչ թե փատերն ու էքպերիմենտները մեխանիկորեն հարմարեցնել։ Հակառակ պարագայում տեսությունը դառնում է անհերքելի և աբսոլյուտ, ինչը հակասում է քննադատական մտածողության տրամաբանությանը։

Մյուս խնդիրը կապված է օգտագործված մեթոդի և գործիքների հետ։ Միքայել Մինասյանը խոսում է պատմության փիլիսոփայության, պատմությունը վերաիմաստավորելու և քննադատական մտածողության միջոցով անցյալը, ներկան ու ապագան ըստ էության ընկալելու մասին։ Իհարկե ճիշտ է անում, դրա իրավունքն ունի և իր այս մոտեցումը կարող է հիմնավորել պատմագիտական համապատասխան դպրոցներին հղում անելով։ Բայց տարօրինակն այն է, որ իր տեսակետը հիմնավորելու համար Մինասյանը շեշտադրում է Միշել Ֆուկոյին, որը պատմությանը մոտենում է ամբողջությամբ հակառակ դիտանկյունից։

Ենթադրում եմ, որ այս եզրակացությունը առնվազն Ֆուկոյի սխալ ընթերցանության և ընկալման հետևանք է։ Ըստ էության նախկին դեսպանը հանդես է գալիս պատմականության դիրքերից, մտնում է հերմենևտիկայի, իստորիզմի և ինչ-որ իմաստով նաև պատմական դետերմինիզմի տարածություն, իսկ Ֆուկոն իր պոստստրուկտուրալիստական դիրքերից քննադատում է պատմականությունը և առաջ է քաշում էպիստեմեների փոփոխվող ստրուկտուրաները։ Սրանք չափազանց բարդ հարցեր են և հնարավոր չէ երկու երեք նախադասությամբ ամբողջական պատկերացում կազմել խնդրո առարկայի մասին։ Ավելի հետևողական լինելու համար առարկայի քննությունը անհրաժեշտ է սկսել Հեգելից և Նիցշեից։

Միայն կարող եմ նշել, որ պատմագիտական իր տեսակետները հիմնավորելու համար Մինասյանը կարող է դիմել ավելի համապատասխան հեղինակների օգնությանը, օրինակ՝ Մարկ Բլոկին, բրիտանացի մարքսիստ պատմաբաններից՝ Էրիկ Հոբսբաումին, նեոկանտացիներին, Մաքս Վեբերին, Ֆրիդրիխ Շլայերմախերին, Հանս-Գևորգ Գադամերին և այլն։

Մյուս կարևոր խնդիրը կապված է միֆի ընկալման հետ։ Ավելի կոնկրետ այս պարագայում խոսքը քաղաքական միֆի մասին է։ Մինասյանի տեքստից գալիս ենք այն եզրակացությանը, թե միֆը իշխանության կամ էլ ընդդիմության կողմից ներդրված արհեստական գոյացություն է, որը ըստ անհրաժեշտության կարող է չեզոքացվել և մենք այլևս կապրենք միֆերից զերծ աշխարհում։

Սա իհարկե մոլորություն է, որը ունի երկու բաղադրիչ․

ա/ միֆի դեմ պայքարի հրամայականը,

բ/ եթե չլինի Նիկոլ Փաշինյանն ու ընդհանրապես 90-ականների վերջերից տարածում ստացած ընդդիմադիր ավանդույթը, ապա իրականությունը կապամիֆականացվի։

Ի դեպ, նույն մտայնության կրողներն էին նաև Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները, որոնք կարծում էին, թե երրորդ նախագահի տապալումից հետո կջախջախվեն նաև նրա ստեղծած միֆերը։ Բայց ինչպես տեսնում ենք սարգսյանական միֆերը ոչ միայն չջախջախվեցին, այլ նաև ադապտացվեցին նոր հեղափոխական իրականությանը, ավելին՝ այդ ամենի հետ զուգընթաց հին միֆերին փոխարինեցին նորերը։

Այսինքն, գործ ունենք միֆերի անվերջ հերթափոխի հետ, և Նիկոլ Փաշինյանին հաջորդող կառավարությունը իր հետ բերելու է սեփական միֆերը։ Սա ի դեպ միայն մեր միջավայրին ներհատուկ դրսևորում չէ։ Համաշխարհային պատմության պրակտիկան կամ գիտության լեզվով ասած էմպիրիկ տվյալները ավելի քան հաստատում են ասվածը:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե կանգնած ենք փակուղու առջև և դատապարտված ենք անվերջ ապրել միֆականացված աշխարհում։ Սա իրականում միֆ է միֆի մասին, քանի որ միֆական է թվում ինչպես միֆերին հաղթելու նախաձեռնությունը, այնպես էլ միֆերի անխուսափելի լինելիությունը որպես փակուղի ներկայացնելը։

Այսպիսի մտայնություններից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միֆի հետազոտման գործում հասարակագիտության արձանագրած տվյալներին։

Առաջին հերթին մենք բոլորս՝ Մինասյանի գլխավորությամբ, պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ մեր աշխարհը նաև միֆերի աշխարհ է։ Մարդը միֆաստեղծ էակ է և նրա սոցիալական, քաղաքական, մշակութային փոխհարաբերությունները ամբողջանում և ռեալիզացվում են նաև միֆերով։ Ինչպես Ժ․ Սորելն է նկատում միֆը ռացիոնալիզմի թարգմանությունն է, այսինքն չի կարելի միֆին վերաբերվել որպես միանշանակ հեքիաթի, քանի որ դրա խորքում թաքնված է ռացիոնալ ինչ-որ գաղափար։

Իսկ Ռ․ Բարտը ասում է, որ հնարավոր չէ միֆի դեմ պայքարել, միայն կարելի է հասկանալ այն և գտնել դրա առաջացման պատճառը, քանի որ միֆերը կերպափոխվելու, տրանսֆորմացվելու և նոր առանձնահատկություններով հանդես գալու ունիվերսալ հատկություններ ունեն։

Իսկ Է․ Կասիրերը, որը 20-րդ դարում քաղաքական միֆի ամենախոշոր հետազոտողն է, գրում է, թե միֆը երկդիմի է, այսինքն ունի երկու երես, մեկը գեղարվեստական հորինվածքն է, իսկ մյուսը՝ ռացիոնալը։ Այստեղից գալիս ենք այն հետևությանը, որ Մինասյանը նկատել է միայն գեղարվեստական հորինվածքը, բայց չի կարողացել արձանագրել, որ դրա մյուս կողմում ռացիոնալ ինչ-որ ճշմարտություններ կան։ Մինասյանը պայքարում է միֆի դեմ, բայց չի փորձել Բարտի տրամաբանությամբ հասկանալ դրա առաջացման պատճառներն ու հանգամանքները։

Կարևոր է նկատել նաև, որ միֆերի առաջացման ամենամեծ շարժառիթը, ներհանրային ճգնաժամն է։ Այո՛, դրանք հատկապես ի հայտ են գալիս խորը ճգնաժամերի պարագայում, ինչը անխուսափելի է։ Բայց դրանց լինելիությունից պետք չի սարսափել, չէ՞ որ դեռևս մի քանի հազար տարի առաջ Պլատոնը նկատել է, որ միֆը անհրաժեշտաբար պետք է նաև դրական ազդեցություն ունենա։

Ընդհանրապես պետք է հասկանալ, որ միֆը ինքնին քաղաքական հայտնություն է և ի հայտ է եկել քաղաքականության հետ զուգընթաց։ Մինասյանի կողմից շատ սիրված Ֆուկոյի ձևակերպմամբ, քաղաքական տարածության կոնցեպտուալիզացիան ավանդաբար ելնում է այդ տարածության ինքնուրույնության պոստուլատից։ Մ. Ֆուկոն քաղաքականը դիտարկում է որպես հասարակական կյանքի ամենակարևոր ինքնուրույն ոլորտներից մեկը։ Բացի այդ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից մեկը ոչ միանշանակ սոցիալական կապերն են և դրանից ելնելով քաղաքական ոլորտը չի կարող դիտարկվել որպես ինչ-որ առանձին կղզյակ։ Ֆուկոն նշում է, որ դրանում չկա ոչ մաքուր քաղաքական և ոչ էլ ապաքաղաքական ստրուկտուրաներ։

Այսինքն, քաղաքականությունը միֆերից մաքրելու նախաձեռնությունը հենց ինքնին միֆ է, քանի որ քաղաքական պայքարը ինչ-որ առումով նաև մրցակցող միֆերի պայքար է։ Կարելի է պնդել, որ հասարակության զանգվածայնացման գործընթացի հետ զուգընթաց մեծանում է նաև միֆի սպառման պահանջարկը։ Ավելին՝ հանրույթները օր օրի կարիք են զգում նորանոր միֆերի և հաճախ առասպելական մտածողության քաղցը բավարարելու նպատակով զանգվածները բացառիկ նախաձեռնողականություն են դրսևորում միֆաստեղծման գործում:

Թեման իհարկե չափազանց մեծ է, ինչի վերաբերյալ վերջին 200 տարիներին ծով գրականություն է ստեղծվել։ Կարող ենք մեկ այլ առիթով ավելի մանրամասն խոսել, բայց հիմա սահմանափակվենք այսքանով և միտքը եզրափակենք իմ ամենասիրելի ռուս փիլիսոփա Լոսևի դիպուկ ձևակերպմամբ․ Արխայիկ ժամանակաշրջանի մարդուն ներհատուկ էր կայուն մտածողությունը, իրերի կանոնիկ դասավորվածությունը, աշխարհի բովանդակային հստակ պատկերն ու ամեն ինչի խորհրդանշական մեկնաբանությունը։ Բայց ժամանակակից աշխարհն ու մարդը կայուն չեն, ընդհակառակը, ինչպես նշեցինք մարդկությունը թաղված է խորը ու շղթայական ճգնաժամի մեջ, որը չափազանց մեծ ճահիճ է հիշեցնում։

Կարելի է ենթադրել, որ ժամանակակից մարդը, հայացքն ուղղելով դեպի արխայիկ արժեքները, դրանց մեջ փորձում է կայունություն ու աշխարհին հասկանալի, կանոնակարգված պատկերներ գտնել։ Այլ խոսքով ասած մարդը անցյալի կայունությյան պատրանքը փորձում է վերագործարկել 21-րդ դարում։ Հենց այս որոնումների հորձանուտի մեջ էլ ժամանակակից մարդը իր կամքից անկախ ներխուժում է միֆերի աշխարհ:

Այսպիսով, Մինասյանին խորհուրդ եմ տալիս ոչ թե պայքարել միֆերի դեմ՝ փորձելով արմատախիլ անել դրանք, այլ՝ հասկանալ դրանց առաջացման պատճառնները, շարժառիթներն ու գտնել ռացիոնալ տրամաբանությունն ու պահանջարկի հիմնական աղբյուրը։ Ինչո՞ւ է հայ հանրույթը այդքան շատ միֆեր հորինել վերջին քսան տարիներին։ Սա գիտական չափազանց լուրջ հարց է, որը սպասում է իր ապագա հետազոտողներին՝ սոցիոլոգներին, փիլիսոփաներին, պատմաբաններին և մշակութաբաններին»։

Տեսանյութեր

Լրահոս