Էդուարդ Աղաջանյանը պատիվ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները ղեկավարելը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր համար մեծ պատիվ է համարում ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը պատասխանատու է եղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կազմակերպված միջոցառումների բովանդակային և կազմակերպչական լուծումների համար:
Աղաջանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն, Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց»,-նշել է Աղաջանյանը:
Նա ընդգծել է, որ սա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:
«Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի:
Հիշում ենք և պահանջում»,-եզրափակել է Աղաջանյանը: