«Տարընթերցումները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում արտացոլում են այն, ինչ եղել է և կա բանակցային գործընթացում»․ Սկակով
«Ռուսական կողմը, թեև խոսվում է պրոյեկտի մասին, վստահաբար պատրանքներ չունի, որ ներկայումս կողմերը կարող են կոնսենսուսի գալ՝ համաձայնելով համարժեք զիջումների գնալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս բովանդակության վերաբերյալ հայ-ռուսական հակասություններին։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ներկայումս ակտիվորեն քննարկվում են փաստաթղթեր, որոնք ենթադրում են ԼՂ հակամարտության փուլային կարգավորում, և դրանք սկսել են քննարկվել 2019 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման ընթացքում։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ 2018 թվականին սկսած գործընթացը սահմանափակվել է որոշ տարրերի շուրջ կողմերի քննարկումով ու գնահատականով։
Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները, ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:
Ալեքսանդր Սկակովի դիտարկմամբ՝ կարիք չկա դրամատիզացնել իրավիճակն այս մեկնաբանությունների շուրջ, քանի որ նման տարընթերցումներ այս թեմայի շուրջ հաճախ են տեղի ունենում՝ թե հակամարտող կողմերի, թե համանախագահ երկրների և կողմերի միջև։
Ավելին, Սկակովի կարծիքով, դրանք տարընթերցումներ էլ չեն։ «Սա արտացոլում է այն, ինչ եղել է և կա բանակցային գործընթացում, և դա, ցավոք, այնքան էլ լավ չէ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ անդրադարձը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին այդ կոնտեքստով՝ ՌԴ ԱԳ նախարարի կողմից հատուկ չէր արված։
«Քննարկման ընթացքում հնչեց հարց, որին տրվեց պատասխան՝ հաշվի առնելով այն, թե վերջինն ինչպիսի առաջարկներ կամ պրոյեկտ է (ինչպես կցանկանաք` այն անվանեք) ներկայացվել կողմերին։
Կապ ունի նաև այն, թե ով է հարցը հնչեցնում և որ կողմը ներկայացնողին է տրվում պատասխանը: Կան դիվանագիտական նրբություններ, որոնք, այս կամ այն հայտարարությունը գնահատելիս, ևս պետք է հաշվի առնել, ուստի այս պատասխանը պետք է դիտարկել այդ կոնտեքստում։ Ինչ վերաբերում է ծրագրին, «Լավրովի պլանի» վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են հնչել ՌԴ ԱԳՆ-ի կողմից այն բովանդակությամբ, որ չկա նման պլան, քանի որ դա ներկայացվել է՝ որպես բացառապես ռուսական պլան, իսկ ռուսական կողմը, այդ թվում՝ անցյալ տարի 2019 թվականի ապրիլից հետո հայտարարում էր, որ կան միացյալ առաջարկներ, կան շատ փաստաթղթեր՝ հիմնված միևնույն սկզբունքների ու տարրերի վրա, և դրանք կարող է համանախագահ երկրներից մեկը համադրել: Այսինքն՝ կազմել և ներկայացնել, բայց դա վերագրել միայն ռուսական կողմին՝ սխալ կլիներ։ Բայց նաև ժամանակ առ ժամանակ հարկ է նշել, որ ՌԴ-ն է փորձում ակտիվացնել գործընթացը և ավելի դինամիկ միջնորդ է»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Սկակովը։
Նրա կարծիքով՝ դրական կլիներ, որ կողմերն առաջընթաց գրանցեին, սակայն, նրա համոզմամբ, ռուսական կողմը, թեև խոսվում է պրոյեկտի մասին, վստահաբար պատրանքներ չունի, որ ներկայումս կողմերը կարող են կոնսենսուսի գալ՝ համաձայնելով համարժեք զիջումների գնալ։
Նրա որակմամբ՝ կարգավորման բանալին հենց դա է։
«Կողմերից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի համարժեք զիջման, որը ոչ մեկն էլ պատրաստ չէ անել, քանի որ դրանք լուրջ քայլեր են։ Մոտ ապագայում նման քայլ չեմ ակնկալում՝ հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում»,- ասաց Սկակովը։
Խոսելով վերջին օրերին Ադրբեջանից հնչող պատերազմի սպառնալիքներից՝ ռուս քաղաքագետն ասաց․ «Ցավոք սրտի, այդ սպառնալիքը չի չեզոքացել նաև այս օրերին, երեկ և վաղը, բայց դա այս իրավիճակում բարդ է պատկերացնելը, թեև հնարավոր է»։