Ապրիլի 24-ի վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 90 հազար անուն
Վիրտուալ երթին դեպի Ծիծեռնակաբերդ մասնակցելու համար այս պահին 1915 համարին ստացվել է 85 հազար 575 անուն, իսկ 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»,- գրել է վարչապետը։