Բաժիններ՝

 «Յուքոմ»-ից հեռացած եղբայրները նոր ընկերություն են գրանցել՝ պահպանելով «Յուքոմ»-ում ունեցած իրենց բաժնեմասը

«Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ նոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է գրանցել, որը հայաստանյան սպառողին նորարար թվային ծառայություններ կմատուցի հեռահաղորդակցության ոլորտում. Թվիթերյան իր էջում գրել է Հայկ Եսայանը՝ նշելով, որ ընկերությունը գրանցվել է «ՕԼՆԵԹ» ՍՊԸ անունով:

168.am-ի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության նախկին խոսնակ Աշոտ Բարսեղյանը, որը հեռացել է «Յուքոմ» ընկերությունից Եսայան եղբայրների հետ, միասին փոխանցեց, որ նոր ստեղծված հայկական ընկերությունը 50-50 տոկոսով գրանցվել է Եսայան եղբայրների անունով, սակայն հետագայում չի բացառվում, որ բաժնետերերի ցանկում հայտնվեն նաև այլ ներդրողներ:

«Ընկերությունը հետագայում մեծացնելու պլաններ ունենք, կա նպատակ՝ այն դարձնել նաև բաց բաժնետիրական ընկերություն, ստեղծել նոր մոդելով ստեղծված կազմակերպություն: Հիմա չեմ կարող ասել՝ արդյո՞ք այս նոր կազմակերպությունը կմատուցի այն ծառայությունները, ինչ «Յուքոմը», դեռևս ունենք միայն նոր գրանցված ընկերություն, սակայն երկուշաբթի օրվանից կսկսենք աշխատակիցներ հավաքել և մշակել նաև ընկերության ստրատեգիան: Նշեմ, որ Հայկ Եսայանին «Յուքոմ»-ից միացել են նաև այլ անձինք, որոնք մշտապես նրա թիմից են եղել: Երկուշաբթի օրվանից կհրապարակենք բաց հայտարարություններ համապատասխան հաստիքների համար, ցանկացողները կարող են միանալ թիմին, այդ թվում՝ մենք բաց ենք նաև «Յուքոմ» ընկերության այն աշխատակիցների համար, որոնք կուզենան համագործակցել մեզ հետ»,- ասաց Բարսեղյանը:

Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունից հեռանալուց հետո Եսայան եղբայրները չեն վաճառել իրենց ունեցած բաժնեմասը՝ 5.9 տոկոս:

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ բաժնեմասը վաճառելու վերաբերյալ որևէ խսակցություն չկա, այն շարունակում է պատկանել Եսայան եղբայրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս