Բաժիններ՝

Փաշինյանի ընկած հերոսները

Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին իսկ օրերը սկսվեցին տնտեսության ու ներդրումների մասին վերամբարձ ճառերից: Նախկիններն ամեն ինչ սխալ էին անում, ներդրումները սխալ ոլորտներում էին, տնտեսական աճը սխալ տնտեսական աճ էր: Իսկ այ, Փաշինյանի օրոք տնտեսական աճը կառուցված էր լինելու հավանաբար նանոտեխնոլոգիաների արտահանման վրա: Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր: Փաշինյանի վարչապետության  արդեն երկու տարվա ընթացքում ոչ միայն ոչ մի նոր ներդրում չեկավ, այլև եղած ներդրումներն էլ տապալվեցին:

Իսկ լավագույն դեպքում Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական աճի ցուցանիշները մի կերպ կրկնած Փաշինյանի տնտեսական աճը կառուցված էր բոլորովին ոչ գիտահեն ճյուղերի, այլ տուրիզմի, ռեստորանային բիզնեսի ու Միջին Ասիա ավտոմեքենաների արտահանման պարզունակ գործունեության վրա: Արտահանման առյուծի բաժինը, ինչպես և նախկինում, շարունակեց ապահովել Փաշինյանի կողմից իր վարչապետության սկզբում այդքան փնովված հանքարդյունաբերությունը:

Բայց Փաշինյանն այդ մասին չի խոսի, ինքն այլ հերոսներ ունի:  Անցյալ տարի Փաշինյանի հովանու ներքո անցկացվեց «մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Մրցանակ ստացած «հերոսներից» մեկը Դիլիջանում «Կճուճ» ու «Թավա» ռեստորանների հիմնադիրներն էին: Ռեստորանի սեփականատեր քույրերը հայտնի են ակտիվիստական շրջանակներում, պայքարում էին նաև հանքարդյունաբերության դեմ: Դե գիտեք՝ նախկինի հանքարդյունաբերության փոխարեն՝ նոր «հերոսները» պետք է «կայուն» ճյուղեր զարգացնեն։

Թե որքանով էր տուրիզմն ու ռեստորանային բիզնեսը «կայուն», ցույց տվեց առաջին իսկ   տնտեսական կորոնավիրուսային ճգնաժամը։ «Կճուճի» ու «Թավայի» սեփականատեր Ավետիսյան քույրերից մեկն օրերս հարցազրույց էր տվել այն մասին, որ պետության աջակցությունն իրենց չի հասել: Տուրիզմը Դիլիջանում անկում է ապրել, ռեստորանները փակ են, իրենք ունեն ահռելի պարտքեր, կոմունալների համար չեն կարողանում վճարել, իսկ աշխատակիցները չեն կարողացել օգտվել պետության աջակցությունից, քանի որ, ուշադրություն, աշխատանքային պայմանագիր չունեն:

Այո, բարեկամներ, մինչ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան, նրա կողմից հերոս հռչակված բիզնեսի սեփականատերն իր աշխատողներին նույնիսկ աշխատանքային պայմանագիր չի տվել: Եվ ահա այսօր Փաշինյանի հերոսը բողոքում է, որ կառավարությունը «որոշումներ է կայացնում՝ առանց նրբությունները հաշվի առնելու»:

Երբ առանց որևէ տնտեսական նրբություն ու օրենք հաշվի առնելու՝ Փաշինյանին իշխանության բերած այս ակտիվիստները նրա գործուն անգործությամբ տապալեցին երկրի խոշորագույն ներդրումը, նրանք չէին մտածում Ամուլսարի անգործ մնացած հարյուրավոր աշխատակիցների մասին: Երբ բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի էջերից, զգուշացնում էին, որ չի կարելի հարյուր-միլիոնավոր դոլարների ներդրման հետ նման անփույթ կերպով վարվել, խախտելով օրենքը, այդ վերլուծաբաններն ու լրատվամիջոցները  «ծախված» էին հռչակվում:

Այսօր, երբ ոսկին միջազգային շուկայում այն քիչ կայուն արժույթներից է, որ աճ է գրանցում, Հայաստանը զրկված է իր երկրի ամենախոշոր ոսկու հանքերից մեկից օգուտ քաղելու հնարավորությունից, քանի որ ակտիվիստ ընկերները Փաշինյանին համոզել էր, որ «Թավա» ու «Կճուճ» բացելն է հերսություն:

Ո՛չ, պարոն վարչապետ, հերոսությունը պատերազմող երկիր մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում բերելն է, մի բան, որ դուք պատրաստի ստացաք ու տապալեցիք ձեր իշխանության գալու հենց սկզբից։

Մի բան, որ ձեր «հերոսների» ողջ բանակը միասին առաջիկա 10 տարում էլ չի կարող ապահովել: Հերոսությունը պոպուլիզմին տուրք չտալն ու տնտեսական իրողություններին սթափ նայելն է: Չնայած ձեր ակտիվիստ ընկերների հարձակումներին, բազմաթիվ վերլուծաբաններ հենց այդպիսի հերոսություն են արել՝ փորձելով ձեր կառավարությանը զերծ պահել երկիրը ներդրումային ու տնտեսական կոլապսի տանելուց: Նրանց լսող չեղավ: Այսօր գոնե, երբ ձեր «հերոսներն» «ընկել» են տնտեսական առաջին իսկ լուրջ պատերազմում, ժամանակն է լսել իրատեսներին ու սթափ նայել իրավիճակին: Եթե նույնիսկ վաղը կորոնավիրուսը հաղթահարվի, տուրիզմն ու ռեստորանային բիզնեսը վերջինն են ուշքի գալու, իսկ որոշ դեպքերում՝ ուշքի չեն գալու:

Հազարավոր մարդիկ արդեն կանգնած են, բառի բուն իմաստով, սովի առաջ։ Ու գոնե այսօր ժամանակն է եթե ոչ՝ հերոսություն, ապա՝ գոնե համարձակություն դրսևորել ու ընդունել նախկինում գործած սխալները, փորձելով փրկել այն, ինչ մնացել է Ձեր օրոք ոտնատակ տրված Հայաստանի ներդրումային հեղինակությունից:

Որովհետև Դիլիջանում մածնաբրդոշով տուրիստին զարմացնելը «հավես» է, բայց դրանով երկիր չես պահի։ Ու դա հասկանալու համար պարտադիր չէր ձեր «հերոսներին» դուր գալու համար երկիրը հասցնել տնտեսական անդունդի եզրին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս