4-րդ դիմումը դատարան՝ Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր՝ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար արդեն 4-րդ դիմումն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանից խնդրել է տեղեկացնել, թե կոնկրետ որ օրն է դատարանին հայտնի դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անաշխատունակության վիճակում  է գտնվելու մինչև ապրիլի 16-ը, ի՞նչ եղանակով է այդ մասին տեղեկացել դատարանը, փաստաբանի դիմումը ստանալուց առաջ կամ հետո դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձե՞լ է ճշտել՝ դատավոր Դանիբեկյանը համաձա՞յն է արդյոք, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին, արդյո՞ք Աննա Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը, չտալու դեպքում ի՞նչ պատճառաբանություններ է ներկայացրել, և արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:

«Սույն դիմումով անհրաժեշտ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ ներկայացված հարցադրումներն  ուղղված են եղել հատկապես Ձեզ և անմիջական կապ ունեն նախկինում Ձեր կողմից տրված պատասխանների հետ: Ըստ այդմ, ողջամիտ չէ հիշեցումը Աննա Դանիբեկյանի վերադարձի մասին, առավել ևս, որ տիկին Դանիբեկյանը կրկին չի ներկայանում աշխատանքի:

Հետևաբար, խնդրում եմ ի վերջո պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգություն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում»,- ասված է դատարանին ներկայացրած դիմումում:

Հիշեցնենք, որ փաստաբանի ներկայացրած 3-րդ դիմումին ի պատասխան՝ Ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարը նշել էր, որ Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին վերադառնալու է աշխատանքի, և հորդորել էր հարցերն ուղղել հենց Դանիբեկյանին:

Տեղեկացնենք նաև, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում,  ապրիլի 17-ին եկել էր աշխատանքի և կրկին արձակուրդ ձևակերպել: Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին:

Տեսանյութեր

Լրահոս