111 միլիոն դրամ՝ պարգևատրումների, խրախուսումների հերթական ֆոնդի համար
Հայաստանի տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է բանկային վճարային քարտ` սահմանված չափաքանակով:
Միաժամանակ, ՀՀ տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆիզիկական անձանց և մասնավոր կազմակերպությունների կողմից օժանդակության ստացման նպատակով բացվել է պետական բյուջեի եկամտային «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարը:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 23-ի նիստում, չզեկուցվող հարցերից մեկով, որոշում ընդունեց այդ հաշվեհամարին հավաքված գումարից 111, 900.0 հազար դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածներով:
Նախագիծը Կառավարության անդամներին ներկայացրել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: