Բաժիններ՝

 300 մլն դրամ կհատկացվի Առողջապահության նախարարությանը՝ պետպատվերով բուժվողների շրջանակն ընդլայնելու համար

Կառավարությունը մարտի 23-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ այսուհետև պայմանագրային զինծառայողներն ու բանակի սպայական կազմն անվճար կկարողանան  օգտվել այն բժշկական ծառայություններից, որոնցից մինչև այժմ օգտվում էին ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներն ու հարազատները:

Պետպատվերով բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև ԱԻՆ և ԱԱԾ աշխատակիցներն ու նրանց ընտանիքի հարազատները:

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս որոշմամբ շահառուների համար անվճար են դառնում բոլոր տեսակի բժշկական ծառայությունները:

Ի պատասխան՝ նախարարը փոխանցեց, որ, եթե նախկինում ժամկետային զինծառայողների համար սրտի ստենտավորումը վճարովի էր, ապա այս որոշմամբ կդառնա անվճար, կվերացվի սահմանված համավճարը, և, առհասարակ, այս որոշմամբ անվճար կդառնան 16 ծառայություններ:

«Փաստորեն, մենք, երբ ասում ենք՝ պետպատվեր, մարդկանց թվում է, որ ամեն ինչ անվճար է, և մենք տեղեկատվությունը ճիշտ փոխանցելու խնդիր ունենք, որ այդ  վճարը անսահմանափակ չէ:  Երբ մենք ընդունեցինք որոշում, որ մինչև 18 տարեկան երեխաների համար բժշկական ծառայությունները դարձնում ենք անվճար, ես ստանում էի ազդակներ, որ ամեն ինչ չէ, որ անվճար է, նույնն էր նաև քաղցկեղի վիրահատության հետ կապված որոշման հետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով հասարակությանն այս որոշման մանրամասները  ճշգրիտ հասցնելու անհրաժեշտությունը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ այս որոշման համար կհատկացվի 300 մլն դրամ, ինչը, եթե Առողջապահության նախարարությունը չկարողանա հայթայթել իր բյուջեի խնայողություններից, ապա կկատարվի փոփոխություն 2020 թվականի բյուջեի նախագծում,  և այն կհատկացվի պահուստային ֆոնդից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս