«Չեմ կարծում, որ Սամվել Ալեքսանյանը կամ ՍԱՍ-ի Արտակը հիասթափված են»․ Կարեն Քոչարյան
«Ինչքան սովորել եմ ու ինձ սովորեցրել են իմ ուսուցիչները՝ հիասթափվում են այն մարդիկ, ովքեր հավատացել են։ Նիկոլ Փաշինյանի նշած խմբերում կան մարդիկ, որոնք, չեմ կարծում, որ հավատքով լցված են եղել իր հանդեպ, որ հիմա էլ հիասթափվել են։ Օրինակ, նախկին իշխանություններին, երբ ինքը մի խմբում նշում է. նախկին իշխանություններն այնպես չէ, որ խանդավառությամբ էին ընդունում Նիկոլ Փաշինյանի գալը, որ հիմա էլ պետք է հիասթափվեն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, որտեղ նա ներկայացնում էր, թե ովքեր են հիասթափվել հեղափոխությունից հետո։
Ըստ վարչապետի՝ «մեծ հիասթափության» շրջանակում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, արևմտամետները, ռուսամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ, ընկերներն ու բարեկամները։
«Չեմ կարծում, որ Սամվել Ալեքսանյանը կամ ՍԱՍ-ի Արտակը հիասթափված են։ Ինքն է նշում, որ նրանք խանդավառված են, որովհետև ժամանակին փողը ճամպրուկներով ինչ-որ տեղեր էին տանում, իսկ հիմա ոչ մի տեղ չեն տանում, նրանք հիմա դարձել են սիրված բիզնեսմեններ, ինչի՞ պետք է նրանք հիասթափվեն, ես չեմ կարողանում հասկանալ»,- նկատեց Կարեն Քոչարյանը։
Հետաքրքրվեցինք՝ չկա՞ն մարդիկ, որոնք հավատացել են Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա հիասթափվել են նրանից, բայց այդ խմբերում չեն, ինչո՞ւ նրանց մասին չխոսվեց։
«Կարծում եմ՝ կան, բայց նրանց մասին չխոսվեց, որովհետև այդքան ակտիվ չեն։ Ինքը չի խոսում այն մարդկանց մասին, որոնց խոսք էր տվել, որ, օրինակ, չեն լինելու արագաչափերը, իսկ հետո դրանք ավելացան։ Ինքս միշտ կողմ եմ եղել, որ լինեն արագաչափեր, խնդիրը ես չեմ, խնդիրն այն մարդիկ են, ում ինքը խոսք է տվել ու հիմա չի կատարում խոստումը։ Այդ մարդկանց ինքը շատ ավելի շատ կնկատի հետկորոնավիրուսյան շրջանում, երբ պարզվի, որ շատ-շատերն ուտելու բան չունեն ոչ թե նրա համար, որ ուտելիք չկա, այլ նրա համար, որ մարդկանց ձեռքին փող չկա, և հիասթափվածներին այդ ժամանակ նա կնկատի»,- ի պատասխան՝ ասաց քաղտեխնոլոգը։
Կարեն Քոչարյանը նկատեց՝ երբ Փաշինյանն ասում է՝ հիասթափված են, ինչի՞ց են հիասթափված՝ հեղափոխությունի՞ց, թե՞ շատ հեղափոխականներից․ «Եթե մենք սա տարանջատենք, կհասկանանք, որ շատ-շատերը հեղափոխությունից՝ որպես այդպիսին, հիասթափված չեն, այսինքն՝ փոփոխությունից, որ չկան այն ուժերը, և այլն։ Դրա մասին Փաշինյանն այնքան է խոսել, որ հոգնեցրել է, նա չի հասկանում, որ արժեզրկում է այն, ինչ ինքն արել է։ Դրանից ոչ ոք չի հիասթափվել, բայց հիասթափվել են այն մարդկանցից, որոնք ոչ թե պարգևավճար, այլ, ինչպես Հրաչյա Հակոբյանն է ասել՝ հավելավճար են ստանում, հիասթափվել են այն հեղափոխականներից, որոնք հայտարարում են, որ նվիրյալ չկա, որ չեն անում այն, ինչ ասել են, հիասթափվել են, որ տարանջատում են հասարակությանը սևերի և սպիտակների, ընդ որում՝ թացը չորի հետ խառնելով՝ գնում են առաջ։
Չնայած՝ մեծ հարց է՝ դա առաջ գնա՞լ է կոչվում, թե՞ ետ։ Այս իրավիճակում, երբ կա կորոնավիրուս, Արցախի հարց, մի հատ էլ պետք է հասարակությունը տարանջատվի։ Այո, այս իշխանությունը տարանջատել է հասարակությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ից հետո պարտավոր էր ասել՝ մոռացանք ամեն ինչ, ես բոլորի վարչապետն եմ։ Ինքը մինչև այսօր այդպես էլ դա չի ասել։ Սա է խնդիրը։ Ես, օրինակ՝ հիասթափվել եմ դրանից, ոչ թե նրանից, որ եղել է հեղափոխություն։ Հեղափոխությունից ես ամենևին էլ հիասթափված չեմ»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետական կառավարման համակարգից պետք է դուրս շպրտվեն այն մարդիկ, ովքեր չարաշահել են թավիշը, Կարեն Քոչարյանն ասաց, որ պետական համակարգի կադրերին Փաշինյանն է նշանակել․
«Հետո պարզվեց, որ նրանցից մի քանիսը կոռուպցիայով են զբաղվել, մի քանիսն ընդհանրապես ոչ մի բանով չեն զբաղվում, որովհետև չեն կարողանում զբաղվել, մի քանի հոգի էլ շատ լավ աշխատում են։ Դա նորմալ է, որ գալիս են նոր կադրեր, որոնց մի մասը լավ է աշխատում, մի մասը չի կարողանում աշխատել, նորմալ չէ այն, որ ով չի կարողանում աշխատել, շարունակում է աշխատել։ Ինձ համար չկան նախկիններ և ներկաներ, կան այսօրվա կադրեր։
Արդեն 2 տարի է անցել, ես չեմ կարող անընդհատ անցյալով ապրել, ես և յուրաքանչյուր քաղաքացի միշտ ապագայով է ապրում։ Բանական մարդկանց համար վաղուց գոյություն չունեն Սերժ Սարգսյանը, Հանրապետականը, որովհետև նրանք անցյալում են, մարդկանց ավելի շատ հետաքրքրում է ներկան և մոտակա ապագան, ոչ թե 2050 թվականը»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ․
«Նրանք պետք է ստանան այնքան գումար, ոչ չմտածեն՝ իրենց երեխան դպրոցի տետրի, գրիչի գումար ունի՞, թե՞ ոչ, երեխան սովա՞ծ է, թե՞ ոչ, որովհետև նրանց ուշքն ու միտքը պետք է լինի աշխատանքը։ Դա նորմալ է, երբ բարձր են ստանում, աննորմալ է, երբ դա պարգևավճարի կամ հավելավճարի տեսքով է, թող օրենք ընդունեն՝ աշխատավարձերը բարձրացնեն, և ով վատ է աշխատում՝ հեռացնեն աշխատանքից»։
Դիտարկմանը՝ ի՞նչ տարբերություն՝ դա աշխատավարձի տեսքո՞վ է տրվում, թե՞ պարգևավճարի, նա արձագանքեց․ «Շատ մեծ է տարբերությունը, եթե մեծ չի, թող անեն»։