Բուհերին առաջարկվել է հետաձգել ավարտական աշխատանքների պաշտպանությունը մինչև հունիսի 15-ը. ԿԳՄՍՆ
Բուհերի ռեկտորներին առաջարկվել է հետաձգել ամփոփիչ ատեստավորման ժամկետները. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե քննարկվո՞ւմ է արդյոք ավարտական կուրսի ուսանողների՝ բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը հետաձգելու հարցը, հայտնում է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Հարցմանը տրված պատասխանում մասնավորապես նշված է, որ ապրիլի 17-ին ԿԳՄՍ նախարարն առցանց քննարկում է ունեցել բուհերի ռեկտորների հետ այս և մի շարք այլ թեմաներով.
«Ելնելով բուհերի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից՝ առաջարկվել է ամփոփիչ ատեստավորման ժամկետները հունիսի 1-ից երկարաձգել մինչև հունիսի 15-ը»:
Մեր հարցապնդմանը, թե ուսանողները դժգոհում են, որ դիպլոմայինների և թեզերի պաշտպանության համար անհրաժեշտ գրականության դեֆիցիտ կա, քանի որ գրադարանները փակ են, իսկ որոշ մասնագիտություններ էլ պահանջում են պրակտիկ աշխատանքներ, որոնք անհնար է կազմակերպել արտակարգ դրության պայմաններում, ԿԳՄՍՆ-ից պատասխանել են.
«Բուհերը, կախված մասնագիտական ուղղվածությունից և առանձնահատկություններից, ըստ անհրաժեշտության վերանայել են ավարտական աշխատանքների բովանդակությունը և հանձնարարված գրականությունը: Շատ բուհեր հնարավորություն են ընձեռել ուսանողներին օգտվելու առցանց գրադարանների ֆոնդերից: Տեղեկացնենք նաև, որ ամփոփիչ ատեստավորման աշխատանքների ներկայացման ժամանակացույցերով հիմնական գրականության ուսումնասիրման ժամկետները ավարտվել են մինչև մարտ ամիսը: Որպեսզի բուհերն առավել արդյունավետ իրականացնեն վերոգրյալ գործընթացը՝ անհրաժեշտ է, որպեսզի ուսանողներն ուսումնական գործընթացում առաջացած խնդիրների ու խոչընդոտների մասին տեղեկացնեն բուհին: Բուհերի կողմից վերանայվել են նաև ուսանողների հետազոտական աշխատանքների պրակտիկ մեթոդները, հիմնականում առցանց մեթոդներով»:
Ինչ վերաբերում է ավարտական կուրսերի ուսանողների վարձավճարներին, ԿԳՄՍՆ-ն հղում է կատարել Կառավարության՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների աջակցության ծրագրին, որը, մեղմ ասած, մի շարք հարցեր էր առաջացրել: Օրինակ, որ բարձր առաջադիմություն ունեցողներն արդեն իսկ անվճար են սովորում, իսկ ցածր առաջադիմություն ունեցող շատ ուսանողների ընտանիքներ, հնարավոր է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ զրկվել են եկամուտներից: Նշենք նաև, որ Կառավարության ծրագիրը չի վերաբերում հեռակա համակարգում սովորողներին, որոնց մեծ մասն այդ համակարգում է սովորում, որովհետև վարձը վճարելու համար ստիպված է աշխատել: Մեր գրավոր հարցման պատասխանի վերջում ԿԳՄՍՆ-ից նշել էին.
«Բուհերը ուսանողների հետ քննարկելով և համաձայնեցնելով՝ կազմում են վարձավճարների գանձման ժամանակացույցեր»: