«Այս պահին չկա փաստաթուղթ, որը քննարկվում է․ մեր հաղթանակը ձեռք է բերվել շատ ծանր գնով, և Արցախի հարցում հետքայլի տեղ չունենք»․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը 168am-ի հետ զրույցում վերահաստատեց գործող իշխանությունների նախկինում արված այն հայտարարությունները, որ բանակցային սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ դրված չէ։

«Այն, որ տարբեր տարբերակներ են քննարկվել ժամանակին, այդ թվում՝ փուլային տարբերակը, կարծում եմ՝ ոչ մեկիս համար նորություն չէ, խնդիրն այն է, թե որքանով է այդ փաստաթուղթը կամ նախկինում քննարկված այլ փաստաթղթեր արդիական այսօր։ Եթե հետևեք նաև համանախագահների հայտարարություններին՝ առնվազն վերջին մեկ տարվա կտրվածքով, կտեսնեք, որ նրանք ևս արձանագրում են, որ խոսքը և ընթացքը բացառապես հումանիտար միջոցառումների մասին է, որի մասին շատ թափանցիկ խոսել է նաև մեր արտգործնախարարը, վարչապետ Փաշինյանը, նաև հանրային խոսքում է դա բազմիցս ասվել, և դա արձանագրվել է նաև համանախագահների հայտարարություններում»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.

«Ներկայումս բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում»։

Տաթևիկ Հայրապետյանը չգիտի՝ ինչու Լավրովի կողմից նման տեսակետ հնչեցվեց․ «Բայց դրան ի պատասխան, կարծում եմ, մեր արտգործնախարարն ավելի քան հստակ նշեց, որ այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք, որ այս պահին չկա փաստաթուղթ, որը քննարկվում է, փաստ է, և ավելին՝ այս պահին քննարկվում են հումանիտար միջոցառումներ, որի վառ ապացույցներից մեկն էլ հենց անցած տարի լրագրողների փոխայցերն էին։ Այս պրոցեսները որոշակիորեն դանդաղեցին նաև հայտնի այս հիվանդության և համաճարակի հետ կապված։ Դրա շարունակականության ապահովման մասին պայմանավորվածություններ եղել են, և մենք նաև ունենք մեր հստակ դիրքորոշումը, որն արտահայտվել է արտգործնախարարի հայտնի ելույթում Բրատիսլավայում, որ այն, ինչ կոչում են տարածքներ, մեզ համար առաջնահերթ անվտանգության գոտի են, անվտանգությունը զիջման ենթակա չէ, աշխարհում ոչ մի պետություն իր անվտանգությունը չի զիջում»։

Պատգամավորին խնդրեցինք նաև պարզաբանել, թե ինչ նկատի ունի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով՝ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ զիջումներ չեն եղել և չեն լինելու, մասնավորապես՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։

«Իրականում պետք է հասկանալ՝ ինչ խնդիր ունենք բանակցային գործընթացում․ հայկական կողմը միշտ էլ ավելի հանրային է եղել իր խոսքում, տարբեր ձևաչափերով միշտ ներկայացվել են քննարկվող լուծումները՝ մամուլում է հայտնվել, քննարկումներ են եղել, թե որքանով է հասարակությունը պատրաստ եղել ինչ-որ քայլերի գնալ, դա հարցի մեկ այլ կողմն է, բայց այն, որ մեր հասարակության ներսում մշտապես եղել է դիսկուրս, դա փաստ է, որն ամբողջությամբ բացակայում է ադրբեջանական կողմից։

Արդեն հեղափոխությունից հետո կառավարությունն ունի հստակ դիրքորոշում, որ, եթե մեր դիմացի կողմը՝ հակառակորդը կամ այն պետությունը, որը հավակնում է ինչ-որ մի իքս օր լինել բարիդրացիական հարևան, որևէ կերպ չի խոսում զիջումների, փոխզիջումների իր գծերի մասին, ապա ինչի՞ մասին ենք մենք խոսում։ Ադրբեջանի նախագահի բոլոր հայտարարությունները մաքսիմալիստական են  մինչ օրս, որևէ կառուցողական խոսք ընդհանրապես չի հնչել։ Դրա փոխարեն՝ շարունակաբար խոսել, թե մենք ինչի ենք պատրաստ, ես կարծում եմ, սխալ է և թուլացնում է մեր դիրքերը։ Մենք այս բարդ պատերազմը հաղթած ժողովուրդ ենք, և այդ տեսանկյունից պետք է շատ համառ լինենք, որովհետև այդ հաղթանակը ձեռք է բերվել շատ ծանր գնով․ մեզ համար սա մեր գոյության խնդիրն  է, և այս հարցում մենք հետքայլի տեղ չունենք»,- ի պատասխան՝ ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս