«Մանկաբարձական տեսանկյունից կորոնավիրուսը «զիջում» է H1N1-ին». Արմեն Բլբուլյան

Հղի կինն ու պտուղը թիրախավորված չեն կորոնավիրուսից: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, բժշկագիտության դոկտոր, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բլբուլյանը:

«Յուրաքանչյուր էքստրեմալ իրավիճակ, ինչպիսին այժմ համավարակն է, պահանջում է ադեկվատ գործողությունների համակարգ, երբ պատճառահետևանքային դուալիզմը (երկակիությունը) վերջիվերջո լուծումը գտնում է ներքին հակասությունների հաղթահարման միջոցով: Օրինակ, այսօր դա կորոնավիրուսն է, վաղը` մեկ այլ էքստրեմալ գործոն, սակայն մեր գործողությունները միշտ պետք է լինեն համարժեք:

Այսինքն` մենք այնքան ենք խորացրել մեր կենսաբանական «խոցելիությունը», որ ուղղակի պարտավոր էինք կանխատեսել վիրուսների կողմից մեզ հայտարարված պատերազմը: Խոսքը վերաբերում է պերինատոլոգիայի շնորհիվ 700 գ և ավելի քաշով ծնված նորածիններին, վաղ մանկական հասակում շնչառական և այլ խանգարումներով ինտենսիվ թերապիայի «սաներին», կյանքի ընթացքում սխալ մեթոդաբանությամբ ապրելակերպին և այլ պսևդոխելոք բաների: Այն, որ գրիպը վաղուց արդեն կորցրել է իրեն բնորոշ սեզոնայնությունը, պետք է որ գրավեր գիտնականների և պրակտիկ բժշկագիտության ուշադրությունը: Բայց… Դեռ 2002 թվականին մեկ այլ կորոնավիրուսային պանդեմիայի սցենար հիշեցնեմ, որ Չինաստանից մինչև Ամերիկա մեր գլխով արդեն անցել է: Դրա կլինիկական պատկերն ընթանում էր երեք փուլով` բարձր ջերմությանն ուղեկցող լուծ, դարձյալ թոքաբորբ՝ ոչ պակաս բարձր մահացությամբ: Հիշեցնեմ նաև H1N1-ի մասին, որը վաղուց չէր՝ 2015-2016թթ., երբ մենք ունենում էինք մայրական մահեր: Ցավոք, հետևություններ չարեցինք:

Ավելին, մեր օրգանիզմը հարուստ է ընդհանուր, ոչ սպեցիֆիկ ադապտացիոն համակարգերով, սակայն մինչ օրս չենք կարողանում օգտվել դրա «ծառայություններից»՝ հույսներս դնելով հակավիրուսային պրեպարատների և պատվաստման վրա: Այսինքն` մենք մեր օրգանիզմի բնական կարողությունները չենք օգտագործում։

Մի խոսքով, վիրուսը, իհարկե, կա և ունի իր թիրախային խմբերը, բայց կա նաև բժշկագիտությունը` իր բոլոր ասպեկտներով: Եվ բժշկության մեջ մանրուքներ չկան` սկսած վիտամին C-ի օգտագործումից՝ մինչ ճիշտ շնչառություն:

Եվ ուրեմն ասել եմ և կրկին կասեմ` եթե կարելի է խուսափել, ապա ինչո՞ւ վարակվել, և երկրորդ` եթե անխուսափելի է վիրուսին «հանդիպելը», ապա՝ որքան ուշ, այնքան լավ: Բոլոր դեպքերում խուսափելը ճիշտ է։

Մանկաբարձական տեսանկյունից այս վիրուսը «զիջում» է H1N1-ին: Այլ կերպ ասած` անմիջականորեն հղի կինն ու պտուղը թիրախավորված չեն կորոնավիրուսից։

Ապրիորի կարելի է ասել, որ մենք դեռ չունենք փաստացի վտանգի նախադրյալներ՝ հղի կնոջ և պտղի վերաբերյալ: Ինչ վերաբերում է տվյալ կորոնավիրուսի ծագմանը, ապա կարծիքները բազմազան են և շատ։ Ես մի բան կարող եմ ասել հստակ` դավադրության հոգեբանությունը բնորոշ է ձախողակ («լուզեր»), այլ ոչ` խելացի, նպատակասլաց և ինքնաբավ մտածելակերպին: Ասում են՝ «Աստծուն ապավինիր, բայց ինքդ էլ մի սայթաքի»:

Չմոռանանք՝ յուրաքանչյուր էպիդեմիայի դեպքում հզոր մեխանիզմ է համաճարակաբանությունը, նրա ճիշտ և գրագետ կազմակերպումը: Սակայն բոլոր օղակներում մենք դարձյալ թերանում ենք՝ հանդիպելով խայտառակ «փնթիությունների»»,- մանրամասնեց բժշկագիտության դոկտորը:

Արմեն Բլբուլյանի խոսքով՝ վիրուսն ունի իր էվոլյուցիոն տրամաբանությունը. ժամանակի ընթացքում նվազում է վիրուսի վիրուլենտությունը, ագրեսիվությունը:

Ըստ նրա` այս փաստի վրա են հիմնված պատվաստանյութի պատրաստման դասական եղանակները դեռ հանճարեղ ֆրանսիացի քիմիկոս և կենսաբան Լուի Պաստերի ժամանակներից:

«Ուղղակի կան անհատներ, որոնք իրենց են վերագրում արդեն դասական դարձած դրույթները: Մի խոսքով, ահա թե ինչին է բերում կրթական համակարգի թերի լինելը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս