«Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի և անթույլատրելի է». Կարեն Կարապետյան

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար:

Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին:

Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլև դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:

Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին` Սամվել Կարապետյանին»:

Տեսանյութեր

Լրահոս