«Կարծում եմ՝ այդ բառապաշարը, մտապաշարը, որը հենց ծնում է այդ բառապաշարը, բոլորովին հարիր չէ որևէ երկրի վարչապետի». Լարիսա Ալավերդյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում անդրադառնալով դատական համակարգին, մասնավորապես նշեց. «Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերները» պիտի հավաքեն, հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս և ուղիղ եթերի այլ դրվագները՝ նշեց.
«Ես կարծում եմ, որ այդ բառապաշարը, մտապաշարը, որը հենց ծնում է այդ բառապաշարը, բոլորովին հարիր չէ որևէ երկրի վարչապետի: Այդ պատճառով՝ մեկնաբանելիս ես այդ ամենին անդրադառնալու եմ՝ որպես մասնավոր անձի ոչ զուսպ, չհիմնավորված և հիմնականում զրպարտանք և վիրավորանք (ընդ որում՝ խավերի հանդեպ վիրավորանք) պարունակող խոսքերի»:
Այս համատեքստում իրավապաշտպանը հիշեցրեց «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը.
«Անդրադարձել էին այն հարցին, որ, փաստորեն, Մոլդովայում և Հայաստանում տեղի են ունենում ճնշումներ գործադիր իշխանության կողմից:
Այն, ինչ տեղի է ունենում օրվա վարչապետի կողմից դատական իշխանությունների հանդեպ, կարծում եմ՝ չունի նախադեպ, ընդհանուր առմամբ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության կամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այլև ՄԱԿ-ի անդամ որևէ պետություններից մեկում:
Սա բոլորովին չի նշանակում, թե ամեն տեղ կայացած են անկախ դատարանները: Բայց հրապարակայնորեն բազմիցս, սիստեմատիկ կերպով արդեն երկու տարի այդ հայհոյանքին նմանվող հերյուրանքները, կարծում եմ, հարիր չէ և աննախադեպ է որևէ երկրի վարչապետի համար:
Դատական իշխանության հանդեպ նման վերաբերմունքը չի բնութագրում զուտ ասողին, կամ բոլորովին չի նշանակում, որ դա բնութագրում է միայն օրվա իշխանությանը՝ դա վերին աստիճանի բնութագրիչ է նաև այն բոլոր անձանց համար, որոնք ժամանակին ոգևորված իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանի թիմը:
Ես կարծում եմ՝ մեծ վիրավորանք պետք է զգան բոլոր այն մարդիկ, ովքեր դաստիարակված են, չեմ ասում՝ հայեցի, ուղղակի դաստիարակված են և առնվազն գիտեն՝ որ խոսքը որտեղ են ասում, խոսքի տեղը, գինը և նշանակությունը»:
Ըստ Լ. Ալավերդյանի՝ վարչապետ Ն. Փաշինյանի նմանատիպ արտահայտությունները ծանր անդրադարձ են կատարում ոչ միայն պետության վարկանիշի, այլև հանրության իրավագիտակցության վրա. «Այդ բառապաշարն այդպես սփռելն աշխարհով մեկ՝ վատթարագույն օրինակ է նոր սերնդի համար»:
«Երբ հրապարակվեց հայտնի գաղտնալսումը, որտեղ վարչապետն ուղղակի կարգադրում էր, թե ինչ պետք է անեն իշխանությունները և դատավորները, այն ժամանակ փորձում էին հերքել, իսկ հիմա ուղղակի հաստատուն են դա անում: Այսինքն՝ «սպառնալը դատական իշխանություններին՝ դա ոչ թե ոճ է, այլ քաղաքականություն, և ես չեմ կարծում, որ դա կբերի դրական արդյունքների»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: