
Վարչապետը հավանաբար փող վերցնողների անունները գիտի նաև իր թերթի օրինակով. Հարություն Հարությունյան

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի այն լրատվամիջոցների ու լրագրողների անուները, որոնք փող են ստացել իշխանությունից, ապա թող հնչեցնի դրանք. եթե փող վերցնողի փաստ ունի, թող ասի. 168.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ արձագանքելով Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերով հնչեցրած այն տեսակետին, թե լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանությունից «կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է»։
«Եթե նա իշխանություններից փող ստացած լրատվամիջոցների ու լրագրողների անուններ գիտի, ապա թող հնչեցնի, հավանաբար, գիտի նաև իր թերթի օրինակով: Ես անուններ չգիտեմ, ու առհասարակ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու է վարչապետը թիրախավորում լրագրողներին. Չէ՞ որ ինքն էլ է լրագրող: Կարծում եմ՝ վարչապետի պատկերացրած լրագրությունը հիմա այլ է»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ իր համար հստակ է՝ Կառավարության ղեկավարը նման հայտարարություն է արել պարզապես պողոսներին բավարարելու համար:
Հարցին՝ եթե վարչապետը հայտարարում է իշխանություններից փող ստացած լրագրողների ու լրատվամիջոցների գոյության մասին, և դրան չեն արձագանքում իրավապահ մարմինները, և պատասխանատվության ենթակվողներ չեն լինում, արդյո՞ք սա չի վկայում, որ մենք գործ ունենք «Արցախում դավադիր ուժեր կան» և նմանատիպ անհասցե ևս մեկ հայտարարության հետ, Հարություն Հարությունյանը պատասխանեց.
«Անշուշտ, նույն բանն է, ոչ մի տարբերություն չկա: Գիտեք՝ եթե նման հայտարարություն աներ որևէ լրատվամիջոցի ղեկավար, վստահաբար, իրավապահ կառույցներից արձագանք կլիներ: Վարչապետի պարագայում՝ չկա»:
Նրա խոսքով՝ անարձագանք է մնացել նաև «վնգստացող դատավորների» մասին վարչապետի հայտարարությունը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ չկա կամքի ուժ՝ դրան արձագանքելու:
«Վարչապետը խոսեց «վնգստացող դատավորների» մասին: Դե, թող դրան արձագանքի ԲԴԽ-ն, չի անում, որովհետև ամեն ինչ շատ անլուրջ է: Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայությունից ևս արձագանք չկա, քանի որ կամքի ուժն է բացակայում»,- ասաց Հարությունյանը:
Վերջում «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը հավելեց՝ եթե լրատվամիջոցները կգտնեն անհրաժեշտություն պաշտոնապես արձագանքել ԶԼՄ-ների մասին վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ապա ինքը ևս կմիանա այդ նախաձեռնությանը: