«Նիկոլ Փաշինյանն այն տաքսիստի նման է, ով գիտի, որ մեքենան վատ է աշխատում, և ինքը քշում է այնքան, մինչև որ մեքենան կանգնի ու էլ տեղից չշարժվի». Աղասի Ենոքյան

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի կադրից դուրս հատվածների հրապարակումից հետո երեկ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հերթական անգամ զրուցեց հանրության հետ: Այդ հեռարձակման ու դրա ընթացքում հնչած մտքերի վերաբերյալ 168.am-ը զրուցեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

– Վարչապետի լայվից ի՞նչ տպավորություն ստացաք, ինչի՞ մասին էր խոսում, մեծ հաշվով, ո՞վ էր թիրախային լսարանն այդ հեռարձակման:

– Այս լայվը ոչ մի բանի մասին էր: Նիկոլ Փաշինյանը փորձում էր ասել, որ ինքը վերահսկում է իրավիճակը, այսինքն` այն բոլոր «պողոսները», որ իր կողքին են, չվախենան, ինքը տիրություն է անում: Ասածը դա էր` ես տեր եմ, իրավիճակը դեռևս վերահսկում եմ, մի վախեցեք:

– Այսինքն` վարչապետը չի՞ դիտարկում այն հանգամանքը, որ հնարավոր է՝ կադրային լուրջ խնդիրներ ունի, որոնք սասանում են իր իշխանությունը: Ինչո՞ւ չի սաստում կամ այդ մասին խոսում:

– Ես կարծում եմ, որ կադրային ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ունենք շատ անորակ վարչապետ: Այդ մասին ինքը երբևէ  չի մտածել: Մնացածն այս ամեն ինչի շարունակությունն է:

– Ի՞նչ էր ուզում վարչապետն ասել՝ «Վենդետաներ չեն լինելու, կադրային ջարդեր չեն լինելու, բայց այդ չինովնիկների ժամանակը սպառվեց, Սերժի «մնացորդները» պետք է «դուռս վռնդվեն»»  նախադասությամբ: Իշխանափոխությունից 2 տարի անց այս միտքն ի՞նչ կարող է նշանակել:

– Ես իսկապես չգիտեմ, որովհետև 2 տարի անց «Սերժի մնացորդներ» ասելն իսկապես արդեն ծիծաղելի էլ չի: Դա ուղղակի արդեն սարսափելի է, որովհետև եթե դու չես կարողացել երկու տարվա մեջ լուծել քո կադրային խնդիրները, եթե դու երկու տարվա մեջ քո ունեցած հիմնական խնդիրներն էլի վերագրում ես «Սերժի մնացորդներին», ուրեմն դու էլ լավ կառավարիչ չես:

– Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն արդարացնում է բարձր պարգևավճարները կամ հավելավճարները` ասելով, որ բարձր վարձատրությունն անհրաժեշտ է, որ պրոֆեսիոնալ կադրերը մնան պետական ապարատում, մյուս կողմից՝ տեսնում ենք, և հենց վերջին «արտահոսքն» էլ փաստեց, որ առանձնապես պրոֆեսիոնալներով չի փայլում ներկայիս իշխանությունը: Ուրեմն որքանո՞վ են արդարացված այդքան բարձր վարձատրությունները:

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում, որ ինքը փող է տալիս, որ մարդիկ չգնան. ինքը փող է տալիս, որ մարդիկ իրեն հավատարիմ մնան, բայց այդ լայվի պատմությունը ցույց է տալիս, որ անգամ այդ փողի դիմաց, որն ինքը տալիս է, մարդիկ իրեն չեն ծախվում:

– Այսինքն` ըստ Ձեզ` այս տոտալ մենիշխանությունը սոսկ իր իշխանության դիրքերն ամուր պահելու համա՞ր է:

– Բա էլ ուրիշ ինչի՞ համար կարող է լինել:

– Իսկ ներսից պայթյուն չի՞ կարող լինել: Վարչապետն իսկապես այդքան վստահո՞ւմ է իր թիմին:

– Ոչ: Ինքն այն տաքսիստի նման է, ով գիտի, որ մեքենան վատ է աշխատում, և ինքը քշում է այնքան, մինչև որ մեքենան կանգնի ու էլ տեղից չշարժվի:

– Ի՞նչ եք կանխատեսում, ի՞նչ կարող է լինել:

– Թե ինչ կարող է լինել, կանխատեսել է Նիկոլ Փաշինյանը, երբ ասել է, որ, եթե ինձնից դժգոհ եք, թող ժողովուրդը դուրս գա փողոց և պահանջի, որ իր փոխարեն մեկ ուրիշը գա իշխանության: Այսինքն` ինքը չի հավատում նրան, որ ինքը կարող է դիմակայել մինչև հերթական ընտրություններ: Անգամ ինքը կանխատեսում է, որ արտահերթ ընտրություններ կլինեն, ու ինքը չի հասնի հաջորդ հերթական ընտրություններին:

– Երբ դժգոհ ժողովրդին փողոց դուրս գալու կոչ է արվում, արդյո՞ք սա չի նշանակում, որ իշխանությունը չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ իշխանությունից հեռանալու տարբերակը, եթե իրավիճակն արդեն իսկ անվերահսկելի լինի:

– Ինքը իշխանությունը թողնի՝ ի՞նչ անի: Աջ ու ձախ փակ է, գնալու տեղ չունի: Ինքը պետք է փորձի մնալ այնքան, ինչքան կարող է մնալ: Այս կորոնավիրուսն իր բոլոր հաշվարկները խախտեց` ոչ Կանադա կարող է գնալ, ոչ մեկ այլ տեղ:

– Իսկ ժողովուրդը դուրս կգա՞ կամ ե՞րբ դուրս կգա փողոց:

– Ես չեմ կարծում, որ իշխանությունը փոխելու հիմնական ձևը պետք է լինի ժողովրդի փողոց դուրս գալը: Ես կարծում եմ, որ, եթե Փաշինյանը հասկանա, որ իսկապես իրենից դժգոհ են, նա ինքը պետք է մտածի իշխանությունը հանձնելու ձևերը: Հիմա արտակարգ դրություն է, և կարծես թե ժողովրդի դուրս գալը քրեորեն պատժելի է: Այսինքն` սա ևս մեկ գործիք է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր իշխանությունը երկարաձգել:

– Երբ ընդունվեց հեախոսներով տեղորոշման օրենքը, իշխանություններն ասացին, որ արտակարգ դրության ավարտից հետո ողջ բազան կոչնչացվի և որևէ մեկի ձեռքում չի հայտնվի: Եթե մեկ տեսաուղերձի ապահովության խնդիր չեն կարողանում լուծել, կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդ բազան անձեռնմխելի կլինի արտակարգ դրության ավարտից հետո:

– Մենք բացարձակ չենք կարող դրանում վստահ լինել: Ավելին, եթե ժողովրդին կոչ է արվում, որ իրենք պետք է տանից դուրս չգան, էլ ի՞նչ տեղորոշման խնդիր կա: Իսկ ինչ վերաբերում է վստահությանը, որ այդ բազան չի հայտնվի երրորդ ձեռքում, անգամ հիմա չկա այդ վստահությունը, ուր մնաց թե` հետո:

– Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հետևյալ միտքն արտահայտեց. «Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետև փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը. նրանք, ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը»: Եթե այսօր մենք չունենք քրեական գործի կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի տեսքով որևէ դրվագ, տեղի՞ն է այս պնդումը կատարելը:

– Ազնվորեն չեմ հասկացել այս միտքն արտահայտելու իմաստը: Ինձ թվում է` խնդիրը հիմնականում հետևյալն է. «Եթե ես ինչ-որ բան եմ վերցնում այս օլիգարխներից, չմտածեք, որ իմ վերցրածից ձեզ էլ եմ տալու: Այս ամեն ինչը ինձ է մնալու»:

Տեսանյութեր

Լրահոս