«Կառավարության 8-րդ ծրագրով 78.783 քաղաքացու տրամադրվել է 5 մլրդ 456 մլն դրամի չափով աջակցություն»․ Նաիրի Սարգսյան
«Բոլոր այն աշխատողները, ովքեր ոչ լիարժեք դրույքով են աշխատել, կամ աշխատել են միայն հունվար ամսին, կամ միայն փետրվար ամսին, նրանց գումարը, շատ հնարավոր է, որ ավելի ցածր լինի, քան նվազագույն ամսական աշխատավարձը, այսինքն՝ 68.000 դրամը։ Հաշվարկի կարգը հետևյալն է՝ մենք տուժած ոլորտի վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը բաժանում ենք 2-ի, այսինքն՝ ստանում ենք միջին ամսական աշխատավարձը, եթե դա ավելի ցածր է, քան նվազագույն ամսական աշխատավարձը, նա ստանում է այդ չափով աջակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության օժանդակության 8-րդ ծրագրին։
Նա բերեց հետևյալ օրինակը․ «Հնարավոր է, որ քաղաքացին աշխատանքի է անցել փետրվար ամսվա կեսին, և աշխատավարձը եղել է 30 հազար դրամ, նրան աջակցությունը կլինի 15 հազար դրամի չափով, որովհետև կբաժանվի նաև հունվար ամսվա զրո դրամ եկամուտին»։
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ 8-րդ ծրագրով 78.783 քաղաքացու տրամադրվել է 5 մլրդ 456 մլն դրամի չափով աջակցություն․ «Այսօր առավոտյան ծրագրում ավելացրել ենք տուժված ոլորտների ցանկերը, որոնք նախորդ շաբաթ կառավարութան նիստով հաստատվեցին, դրանք են՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունները։ Նշված 4 ոլորտում ևս 8000 տնտեսվարող սուբյեկտների ցանկն ավելացվել է մեր ցուցակում, և այսօրվանից նրանք կարող են դիմել և ստանալ իրենց աջակցության չափը»։
Ն.կ Սարգսյանն ընդգծեց, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ իրենց տնտեսական գործունեության դասակարգիչը սխալ են նշել, որի պատճառով չեն հայտնվել տուժած ոլորտների ցանկում․
«Նրանց կոչ ենք անում, որպեսզի ուղղեն իրենց հարկային հաշվետվությունները, մասնավորապես՝ շրջանառության հարկ վճարողների եռամսյակային հաշվետվությունների 22-րդ տողում նշվում է տնտեսական գործունեության դասակարգիչը, և հորդորում ենք, որպեսզի ուղղում կատարեն։ Եվ ԱԱՀ վճարողներն իրենց ամսական հաշվետվության 35-րդ տողում կատարեն համապատասխան ուղղումը, որից հետո ՊԵԿ-ը կուսումնասիրի իրենց ուղղումները, և նոր ցանկերը կավելացվեն տուժված ոլորտների գործատուների մեջ, և իրենց աշխատողները նույնպես կկարողանան օգտվել մեր ծրագրերից»։