«Ինչի արդյունում էլ սա եղած լինի, պետք է անպայման կրեն պատասխանատվություն». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Արցախի Հանրապետության նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Ընդhանրապես ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, Դուք ի՞նչ գիտեք, կամ որտեղի՞ց գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին, ես Ձեզ վստահեցնում եմ, որ Արցախում կայացած ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Արցախի նորանշանակ նախագահին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստանն» ու Գագիկ Ծառուկյանը, ինչպես  նախկինում, այնպես էլ այսօր շարունակում են բազմաթիվ ծրագրեր իրականացնել Արցախի Հանրապետությունում:

Անդրադառալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի հետ կապված միջադեպին, երբ նախապատրաստական աշխատանքները նույնպես հրապարակվել էր, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեղի է ունեցել անընդունելի երևույթ, դիտավորությա՞ն, թե՞ պրոֆեսիոնալության բացակայության արդյունքում է եղել այս ամենը, միևնույն է՝ դա չի փոխում տեղի ունեցածի գնահատականը:

«Ինչի արդյունում էլ սա եղած լինի, պետք է անպայման կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը, քանի որ նրանք մանրամասն պետք է հսկեին ամբողջ գործընթացը»,- շեշտեց պատգամավորը:

Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Միքայել Մելքումյանի խոսքով՝ միջադեպի հետ կապված հարցերը պետք է ուղղվեն համապատասխան մարմիններին, նախ՝ Հանրային հեռուստաընկերությանը, ապա՝ վարչապետի մամուլի ծառայությանը: Միաժամանակ նա կարծում է, որ պետք չէ այս ամենից մեծ իրարանցում սարքել:

Տեսանյութեր

Լրահոս