«Դուք ժամանակին 100.000 էլ չէիք ստանում, ու հիմա 4-500.000-ից դժգո՞հ եք»․ Հուսիկ Արա
Հարցազրույց բանաստեղծ Հուսիկ Արայի հետ
– Երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո հանրության շրջանում դժգոհություններ առաջացան առ այն, թե եթե չեն աշխատում, ինչպե՞ս ապրեն։ Կառավարությունը, իհարկե, սոցիալական որոշ ծրագրեր սկսեց մշակել, իրականացնել, բայց դժգոհության ալիքը կարծես թե չի դադարում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
– Գուցե կառավարությունն այդքան է կարողանում օգնել, ես հասկանում եմ, գուցե չունեն պահուստային ֆոնդեր, հնարավորություն չունեն ավելին անելու։ Բնականաբար, այս պահին մեր պահանջները շատ են, բայց պետք է նայենք՝ իրենք ունե՞ն հնարավորություն, թե՞ ոչ։ Հայաստանում տնտեսական հեղափոխություն չի կատարվել։ Ասում էին՝ էս ունենք, էն ունենք, բայց տեսնում ենք, որ ոչինչ չունենք, աղքատ երկիր է։
Ասում են՝ Հայաստանում խանութները միանգամից չդատարկեցին․ մարդկանց 5-10 տոկոսը, որ գումար ուներ, առաջին օրերին գնաց՝ գնումներ կատարեց։ Ես մարդկանց հերթով հարցրել եմ, ասում են՝ ուզում ենք առնենք, գումար չունենք։ Մարդիկ փող չունեին, դրա համար էլ մի ամիս առաջ խանութներում հերթեր չառաջացան։ Սա նաև ցույց է տալիս մեր երկրի աղքատությունը։ Քայլելով տնտեսական հեղափոխություն չեն անում։ Խոսելով տնտեսական հեղափոխություն չեն անում։ Հեղափոխությունն էլ մի կողմ թողնենք՝ տնտեսություն չեն զարգացնում։ Չեմ էլ ուզում պարգևավճարներից խոսել, ինչ ուզում են՝ թող անեն։
– Իրենք ասում են՝ աշխատում են, և պետք է համապատասխան վարձատրություն լինի։
– Իրենք ասում են՝ նախկինում պատգամավորներին ծրարով էին գումար տալիս, այսինքն՝ մուտք ու ելք չէր լինում, հիմա էլ նույն կոռուպցիան է՝ մուտք ու ելքով։ Բայց նախկին պատգամավորներն ասում են, որ չեն ստացել։ Ես չեմ հասկանում։ Բա ինչո՞ւ ինձ ու քեզ պարգևավճար չեն տալիս։ Մեր արած աշխատանքը ստորակա՞րգ է։
– Դե, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասում է, որ պետական պաշտոնյայի պատասխանատվությունը մեծ է։
– Ի՞նչ են անում․ նստում են էնտեղ, կոճակ են սեղմում կամ չեն սեղմում։
– Ասում են՝ կոճակ սեղմելով՝ կարևոր օրենսդրական նախաձեռնություններ են ընդունում։
– Հասկանալի է, բայց մի քիչ էլ նայեք էն հավաքարարին, բժշկին, ուսուցչին, գիտնականին։ Չի կարելի այդպես անել․ միայն իշխանության մեջ եղած մարդի՞կ պետք է լինեն վերին արտի ցորեն, ամեն ինչով ապահովված։ Դուք ժամանակին 100.000 էլ չէիք ստանում, ու հիմա 4-500.000-ից դժգո՞հ եք։ Աշխատավարձդ ինչքան է, այդքան էլ ստացիր։ Երբ երկիրը կհասնի այն վիճակին, որ մյուսներին տարեկան 6 անգամ պարգևավճար կտաս, քեզ էլ 8 անգամ տուր, լավ, կասենք՝ մեր ընտրյալներն եք, մի քիչ ավել ստացեք։
Ցանկացած մեկի գործն է պատասխանատու․ ես բառի հետ գործ ունեմ՝ իմ պատասխանատվությունն ամենամեծն է, բայց ես դրա համար ոչինչ չեմ ստանում։ Ո՞ւմ աշխատանքը պատասխանատու չէ, քո աշխատանքը պատասխանատու չէ՞՝ մի հատ սայթաքես՝ անմիջապես երևում է, իրենց սայթաքումները չեն էլ երևում։ Մանկապարտեզի դայակի գործն է ամենապատասխանատուն, հավաքարարինը, որ մաքրում է մեզ կեղտի միջից։
Փաշինյանն ասում է՝ կոմունալները շատ չենք ուզում զիջել, որովհետև մեր ժողովուրդը կոմունալ վճարելու բարձր կուլտուրա ունի, այդ կուլտուրան կկորցնի։ Հիմա լավագույն դեպքում էլ ուզես, չես կարող չծիծաղել։ Ուղղակի այնպիսի վիճակ է, չեմ ուզում շատ քննադատել։
– Հուսիկ, իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այս օրերին փողոցները բազմամարդ, երբ հայտարարված է արտակարգ դրություն:
– Դա արդեն գալիս է մեր ժողովրդից։ Սկզբում վարչապետի, առողջապահության նախարարի մակարդակով թեթև էին նայում, հետո հասկացան, որ մեկուսանալ է պետք, կանոնները պահել է պետք։ Հիմա գուցե պետք է կանոնները մի փոքր խստացնել, բայց մի քիչ ստորացուցիչ է, էլի, որ փողոցում մարդկանց բռնեն ու ճիպոտով հետևներին խփեն։ Դա արդեն մեր ժողովրդի կրթվածության մակարդակից է գալիս։ Հիմա Նորաշեն գյուղում 100 հոգուց ավելի նստել են հոգեհացի սեղանի, ասել են, չէ՞, չի կարելի։ Հիմա այստեղ կառավարությունն ի՞նչ անի։
– Հենց դա եմ հարցնում՝ ինչո՞ւ ժողովուրդը չի ենթարկվում արտակարգ դրության պահանջներին, ինչո՞ւ տանը չի մնում։
– Գիտեք՝ մեր ժողովուրդն այդպես է․ քանի ինքը չի հիվանդացել, չի հավատում։ Մեկը մյուսին ասում են՝ այ մարդ, դե սուտ է։ Դա գալիս է ցածր կրթական մակարդակից, ցածր ինտելեկտից։ Թող ինձ ներեն, բայց դա ցածր կուլտուրայի հետևանք է։ Իրականում շատ դժվար է այդ բոլոր կանոնները պահել, բայց պետք է գիտակցել, հասկանալ։ Ամբողջ աշխարհում է այդպես, միայն մեր ժողովրդին չառանձնացնենք։ Մարդիկ մատների արանքով են նայում, չեն ուզում իրենց ազատությունը սահմանափակել, իրենց նեղություն տալ, դա էլ է հասկանալի։ Քանի իրենք չեն հիվանդացել, իրենց թվում է՝ դա շրջանցելու է իրենց։ Այնուամենայնիվ, դա կրթական ցենզի պակասից է։ Նորաշենում ինչո՞ւ են 100 հոգով գնացել հոգեհացի սեղան նստել. Ռուսաստանից էր եկել, փող ուներ, գնացել էիք քելեխ ուտելո՞ւ․ դե կերեք։ Որ ուղիղ ասում ես՝ նեղանում են։ Կամ՝ կնոջը ինչո՞ւ են թողել գնալ, մասնակցել արարողությանը։ Կոպիտ ձևով պետք է չթողնեին, եթե այդ վտանգը կար։ Հիմա, խնդրեմ, նոր օջախ բռնկվեց։ Էն օրն էլ էր վարչապետն ասում՝ սկզբից պանիկայից էինք վախենում, հիմա էլ անհանգստանում ենք, որ հեչ չեն տագնապում։
– Սա նաև իշխանությունների՞ց չի գալիս, երբ սկզբում անլուրջ էին վերաբերվում իրավիճակին, ասում էին՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, հետո էլ ասացին՝ գիտե՞ք ինչ՝ շատ լուրջ վիրուս է, տնից դուրս մի եկեք։
– Իհարկե, ծիծաղելի է այս ամենը, բայց այս օրերին չեմ ուզում սուր քննադատել։ Նախ՝ հենց սկզբում պետք էր հասկանալ, այդ քարոզարշավը չսկսել, և այլն: Կամ ասում էին՝ Վրաստանի բախտը բերեց, այնտեղ նշանդրեք չեղավ․ չէ, ախպեր ջան, բախտի գործոնը մի կողմ, ասում են՝ բախտն ուժեղին է սիրում, բայց Վրաստանում հենց սկզբից կարողացան դեմն առնել։ Հիմա եթե այնտեղ ավելանում է, ապա՝ ոչ այս թվերով․ մեզ մոտ դեռ ալիքը չմարած՝ կարծես երկրորդ ալիք է բռնկվում։ Ուղղակի նորից եմ ասում՝ այս ամենից դրդված՝ չեմ ուզում շատ կոշտ քննադատել։