Բացի Հայաստանի քաղաքացիներից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա. Դավիթ Տոնոյան
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին շարունակում է գտնվել ՀՀ մոտ 160 քաղաքացի: Նրանք մնում են օդանավակայանում այն համոզմամբ, որ այս կերպ Հայաստանի կառավարությունը խնդիրը շատ արագ կլուծի: Շարունակում են հրաժարվել տրամադրված սննդից ու այսօր էլ հայտնել են, որ առհասարակ իրենց սնունդ պետք չէ տանել, միևնույն է, հրաժարվելու են: ՀՀ քաղաքացիերը հրաժարվում են իրենց տրամադրված հյուրանոցային համարներից, և այս ամենն արդեն մի տեսակ ակցիայի է նմանվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:
Նրա փոխանցամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, Հայերի միությունը, անհատ բարերարներ ու գործարարներ աջակցել են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ցուցակագրված 3000 քաղաքացիներին՝ նրանց տեղավորելով հյուրանոցներում, հյուրատներում և այլ վայրերում, սակայն քաղաքացիների մի զգալի մասը շարունակում է անտեսել օդանավակայանում կուտակումներ չառաջացնելու բոլոր կողմերի կոչերն ու շարունակում է մնալ այնտեղ:
«Այս պահին, բացի Հայաստանի քաղաքացիներից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա: Մեր հայրենակիցները շարունակում են սպասել այնտեղ այն դեպքում, երբ նրանց տեղեկացվել է, որ մինչև ապրիլի 23-ը որևէ չարտերային չվերթ տեղի չի ունենալու»,- ասաց Տոնոյանը:
Այն, որ մինչև ապրիլի 23-ը չարտերային չվերթ չի լինելու, 168.am-ի հետ զրույցում պնդեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Պարետատունը, կառավարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, զբաղվում են խնդրի կարգավորմամբ: Այս պահին հստակ է, որ մինչև ապրիլի 23-ը որևէ չվերթ չի իրականացվի»,- ասաց Գևորգյանը:
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանից տեղեկացնում են, որ Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ և կոչ է արել չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ: