«Սա միայն իշխանության կամ  հասարակության տգետ հատվածի խնդիրը չէ. նման պահվածքը վտանգում է բոլորիս կյանքը». Նարինե Մկրտչյան

«Ե՛վ իշխանության, և՛ հասարակության կողմից պատշաճ պատասխանատվություն չկա, չկա նաև վտանգն իր ողջ ծավալով ընկալելու գիտակցություն երկու կողմից էլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում իշխանության և հասարակության որոշ հատվածի գործելաոճին։

Նրա խոսքով՝ քանի որ նախաձեռնողն ու պատասխանատուն իշխանությունն է, նա չի կարողանում պատշաճ կարգով իր գործառույթներն իրականացնել.

«Այսինքն՝ սահմանել է արտակարգ դրություն և չի հետևում դրա պահպանման կանոններին։ Չկա վերահսկողություն, կարծես ամեն ինչ արվում է խիստ ինքնանպատակ։ Իշխանությունը ո՛չ բավարար կամք ունի, ո՛չ էլ գիտակցում։ Մեղքի մյուս բաժինը հասարակության այն շերտերինն է, որոնք անպատասխանատու, անփույթ են վերաբերվում իրավիճակին։ Ի վերջո, սա առնչվում է հանրային առողջությանը, և ոչ թե իշխանության կամ հասարակության տգետ հատվածի խնդիրն է, և նման պահվածքը վտանգում է բոլորիս կյանքը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ իշխանության մեթոդները, միջոցառումները ոչ միայն՝ պարզապես թերություններով են լինի, այլև՝ սխալներով, անհետևողականությամբ, ռազմավարական ծրագրերի բացակայությամբ, և այսրոպեական են, ինչպես նրանց նախաձեռնությունների բացարձակ մեծամասնությունը։ Ես դա համարում եմ խիստ վտանգավոր, և, Աստված մի արասցե, գուցե մենք ունենանք վարակակիրների և մահացության աճ, որի պատասխանատուն առաջին հերթին՝ իշխանություններն են, որոնք պետք է միջոցառումներ իրականացնեն, որպեսզի հասարակության բոլոր անդամները, այդ թվում՝ իրենք, պահպանեն արտակարգ դրության բոլոր կանոնները»։

Միևնույն ժամանակ՝ Նարինե Մկրտչյանը նկատեց՝ արտակարգ դրության կանոններն էլ են շատ տարօրինակ. «Ասենք՝ պարզ միջոցառումներ, որ ամբողջ աշխարհում ընդունված և պարտադրված է՝ դիմակներ և ձեռնոցներ կրելը, նույնիսկ դա չի արվում։ Փոքր խանութներում, սուպերմարկետներում մարդկանց կուտակումներ են, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում։ Այսինքն՝ ամենապարզ, ամենատարրական միջոցառումները չեն արվում, մոտեցումը չափազանց անփույթ է և շատ վտանգավոր»։

Հարցին՝ այսինքն՝ կոշտ գործողություննե՞ր պետք է իրականացվեն հասարակության այն հատվածի նկատմամբ, ովքեր չեն պահպանում այդ կանոնները, նա պատասխանեց.

«Պետք է վերահսկել ամբողջ գործընթացը։ Այն միջոցառումները, որ կան, ինձ համար նույնիսկ բավարար չեն, անգամ կազմակերպական առումով են խիստ կաղում։ Իշխանություններն իրենց աշխատասենյակներում նստած՝ չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Պետք է տեղական կազմակերպական աշխատանքներ իրականացնել՝ համայնքային մակարդակով պարետատներ ստեղծել, ավագանիներին, ԱԺ պատգամավորներին ներգրավել վերահսկողության գործում, ողջ ոստիկանական ներուժը օգտագործել։ Երեկ ես մի տնտեսական խանութ եմ մտել. դրսից գրված է՝ փակ է, բայց ներսում մարդիկ կան։ Այսինքն՝ ինքներս մեզ խաբելով՝ մենք մեր հարազատներին ենք վտանգում։ Սա չափազանց անլուրջ վերաբերմունք է, և այն անլուրջ վերաբերմունքների շարքից է, ինչ պետական շինարարության նկատմամբ է դրսևորվում։ Բայց դրա մեջ ներառված է և՛ հասարակության մեծ մասը, և՛ իշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս