Բաժիններ՝

Բացառիկ համերգային, մարտահրավերներ. Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ օնլայն հարթակում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) արտակարգ դրության պայմաններում գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ կազմակերպելով հետաքրքիր երաժշտական մարտահրավերներ, ներկայացնելով նվագախմբի փայլուն ելույթները, որոնք գրավում են արվեստասերների լայն շրջանակին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանն ասաց, որ վերջերս Ֆիլհարմոնիկի «Ֆեյսբուք»­ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը, որը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում և աննախադեպ դիտումներ գրանցել, «Ֆիգարոյի ամուսնության» նախերգանքն էր:

«Նվագախմբի մի խումբ երաժիշտներ հեռավար նվագում են Մոցարտի այս անմահ ստեղծագործությունը: Այն իրականացրինք Armenian National Music-ի հետ համատեղ: Նախերգանքն ընդամենը չորս րոպե է տևում և այնքան հաճելի է լսել:

Պետք է շեշտել, որ տիտանական աշխատանք է կատարված: Վստահ եմ, որ այն արտակարգ դրության ավարտից հետո էլ չի կորցնի իր արդիականությունը: Մեր էջում այժմ ընթանում է #ՇնորհակալությունԲուժաշխատողին մարտահրավերը, որին անհատական տեսաուղերձներով ու կատարումներով միացել են մեր նվագախմբի երաժիշտները և հայտնի արտիստներ, ինչպիսիք են դաշնակահար Սիմոն Տռպչեսկին՝ Մակեդոնիայից, օպերային երգչուհիներ Ռուզան Մանթաշյանը՝ Ուկրաինայից, Լիանա Ալեքսանյանը, որ այժմ Երևանում է, անվանի դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը՝ Ֆրանսիայից և այլք»,-նշեց Դալլաքյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին ունկնդիրը կարող է բացահայտել նվագախմբի յուրաքանչյուր երաժշտի անհատապես, քանի որ շատերն առանձին կամ երկու-երեք հոգանոց անսամբլներով կարճ տեսագրություններ են անում՝ կատարելով Բախի, Շուբերտի, Հենդելի նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրում են վիրտուոզ կատարողական տեխնիկա և ձայնագրության յուրահատուկ հնարներ: Տեսանյութերում նաև հորդորում են ունկնդիրներին մնալ տանը, լսել լավ երաժշտություն և չվտանգել իրենց և շրջապատի առողջությունը:

Աստղիկ Դալլաքյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 7-ին Ֆիլհարմոնիկի մի խումբ երաժիշտներ համերգ ունեցան 15-րդ թաղամասի բակերից մեկում:

«Համերգը, բնականաբար, նվիրված էր մեր մայրերին և քույրերին: Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և մեծ արձագանք գտավ: Այս պահին համացանցում մոտ 300 000 դիտում ունի: Մեր էջում նույնպես բոլոր տեսանյութերի դիտումներն ու օգտատերերի արձագանքը դրանց նկատմամբ եռապատկվել, անգամ քառապատկվել է»,-ընդգծեց Աստղիկ Դալլաքյանն ու տեղեկացրեց, որ մինչ օրս առցանց ցուցադրել են Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան, Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» ջութակի կոնցերտը՝ հայտնի ջութայկահար Անուշ Նիկողոսյանի և «Ասոնանս» անսամբլի կատարմամբ, ներկայացրել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, ջութակահար Խաչատուր Ալմազյանի և ՀԱՖՆ-ի կատարմամբ Ջիովանի Սոլիմայի «Tarantulae Cadenzas» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան և աշխարհահռչակ Գոտիե Կապյուսոնի համերգը:

Հետագայում ցուցադրվելու են Չայկովսկու 5 և 6-րդ սիմֆոնիաների բացառիկ ձայնագրությունները՝ Թոփչյանի ղեկավարությամբ և Դվորժակի 9-րդ սիմֆոնիան՝ դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:

«Ինչպես գիտեք, այս տարին Ֆիլհարմոնիկ նվագախմբի համար հոբելյանական է՝ լրանում է ՀԱՖՆ-ի գործունեության 95­ամյակը: Շատ կարևոր համերգներ և միջոցառումներ հետաձգվեցին: Սպասում էինք հյուրընկալել մեծանուն դիրիժորներ Անդրեյ Բորեյկոին, Չարլզ Դյութուաին, բանակցություններ էինք վարում աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի հետ: Հուսով ենք՝ դեռ ամեն ինչ կհասցնենք իրականացնել: Այս տարի ողջ աշխարհը նշում է Բեթհովենի 250-ամյակը, մենք նույնպես միացել ենք այդ տոնակատարությանը՝ ‹‹Ուխտագնացություն դեպի Բեթհովեն›› մեկամյա փառատոնով: Տարվա ընթացքում ծրագրել ենք ներկայացնել նրա գրեթե բոլոր սիմֆոնիաներն ու կոնցերտները՝ այլ հարակից միջոցառումների ուղեկցությամբ:

Արտակարգ իրադրության պատճառով հետաձգեցինք նաև այս փառատոնի մեկնարկը: Լիահույս ենք, որ այս իրավիճակի ավարտից հետո նոր թափով կանցնենք աշխատանքի, կհասցնենք իրականացնել մեր ծրագրերը և բազում հաճելի երաժշտական երեկոներ կպարգևենք մեր ունկնդրին»,-եզրափակեց Դալլաքյանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս