Ինչո՞վ առանձնացավ Արցախյան ընտրական շրջափուլի միջազգային արձագանքը և որքանո՞վ էր նպաստավոր հայկական կողմերի համար
Արցախում օրերս ավարտված համապետական ընտրությունների այս շրջափուլն անցավ Հայաստանի Հանրապետության գործընկերների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված համանախագահ երկրների ուշադրության ներքո։ Ինչպես և ակնկալում էին հակամարտության կարգավորման գործընթացին հետևող փորձագետները, միջազգային որևէ անդրադարձում Արցախում անցկացված ընտրությունները չողջունվեցին, սակայն հայտարարությունները պարունակեցին ուշագրավ նրբերանգներ։
Մարտի 31-ին ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց Արցախի Հանրապետությունում ընթացող համապետական ընտրությունների մասին, որում ասված էր, որ ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։
«Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։ ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս-քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։ ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,- ասված էր հաղորդագրությունում։
Վերլուծելով այն, բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ նման խնդիրների դեպքում ԵՄ-ն սովորաբար հանդես է գալիս նման դիրքորոշումներով, որն առանձնահատուկ հանգամանք չէ ԵՄ-ի քաղաքականության շրջանակում և իր մեջ որևէ հատուկ ուղերձ չի պարունակում։
Ըստ նրա, բնականաբար, տարածված հայտարարության տեքստում կային ուղերձներ. սա հնարավորություն էր ԵՄ-ի համար՝ ևս մեկ անգամ հաստատել սեփական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և հիմնական ուղերձը հենց ԵՄ-ի դիրքորոշումն էր։ Իսկ այն, ըստ եվրոպացի վերլուծաբանի, չի փոխվել։
«Բարդ է մտածել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ԵՄ-ն որևէ կերպ կողջուներ նմանատիպ ընտրությունների անցկացումն այն դեպքում, երբ չի ճանաչում Արցախի վերջնական կարգավիճակը, դեռ հստակեցված չէ, իսկ ներկայիս կարգավիճակը ճանաչված չէ նաև Հայաստանի կողմից։ Բայց ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքի վրա, որ տեքստը բավականին հստակ է, ԵՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չի ճանաչում ընտրությունները, որոնք անցկացվում են ներկայիս սահմանադրական և իրավական շրջանակում, բայց նաև հասկանում է, ինչն արտացոլված չէ հայտարարության տեքստում, որ նմանատիպ ընտրություններ հարկավոր են կյանքը կանոնակարգելու, կազմակերպելու նպատակով, որևէ մեկն այդ ընտրությունների տվյալ ֆունկցիան ու անհրաժեշտությունը չի կարող մերժել։
Այն, որ նման ընտրություններ են անցկացվում, կյանքը կանոնակարգվում է, ազդում է Արցախի սուբյեկտայնության բարձրացման վրա, թեև այն դեռ պաշտոնապես չի ընդունվում Արցախում, սակայն դա շատ կարևոր է հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի և ապագայի համար։
ԵՄ-ի այս դիրքորոշումը որևէ մեկի համար գաղտնիք չէր, դրանում որևէ նորություն չկար Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախում բնակվող մարդկանց համար։ Ինչպես միշտ, ԼՂ հակամարտության վերաբերյալ բոլոր տեքստերում ԵՄ-ն շեշտում է նաև, որ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես կարգավորման միակ հարթակ»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը։
Իր հերթին՝ եվրոպացի մեկ այլ վերլուծաբան՝ Լոռ Դելքուրը, ասաց, որ սա ավանդական հայտարարություն է ԵՄ-ի կողմից, որը տարածվում է բոլոր այն երկրների, սուբյեկտների դեպքում, որոնց ԵՄ-ն ինչ-որ կերպ առնչվում է։
«Ես կասեի, որ բավականին մեղմ հայտարարություն է, որն արտահայտում է ԵՄ-ի վերաբերմունքն այս ամենին։ Ամենակարևորն այն է, որ, ի վերջո, բոլոր հարցերը լուծվելու են ապագայում բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, և ԵՄ-ն հայտարարությունում հենց դա էր ֆիքսել, այսինքն՝ կարևորել»,- ասաց Դելքուրը։
Ուշագրավ էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, ով նշել էր․ «Մենք ելնում ենք նրանից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այնուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն: Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ ռուսական արձագանքը բավականին դրական ելևէջներ է պարունակում, որը վերաբերում է նրան, որ Արցախն ունի բնակչություն, որի գործունեությունն այսօր լավ կազմակերպված է, և դրա բաղադրիչներից մեկն ընտրություններն են։
«Սակայն չճանաչելով Արցախը՝ որպես անկախ պետություն, և ճանաչելով այն հանգամանքը, որ ներկայումս ընթանում են բանակցություններ հենց այդ հարցի շուրջ, Ռուսաստանը նշում է, որ չի ողջունում, բայց ես այս դեպքում կարևորում եմ անդրադարձի առաջին հատվածը, թեև ընդհանուր առմամբ հավասարակշռված արձագանք կարելի է որակել»,- ասաց Տարասովը։
Ըստ նրա՝ վերջին օրերին ամենակարևորը, ինչ նկատել է բոլոր միջազգային արձագանքներում՝ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, և՛ Իրանի, այն է, որ բոլոր երկրները հավատարիմ են ԵԱՀԿ ՄԽ գնահատականին։
«Սա նշանակում է, որ Հայաստանի, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի գործընկերները միանման դիրքորոշում ունեն այս քաղաքական գործընթացի հանդեպ և սատարում են Մինսկի խմբին: Այսինքն՝ հակամարտող երկրները կարգավորման հարցում գոնե ակնհայտ տարաձայնություններ արտաքին բևեռում չունեն, Մինսկի խումբը վայելում է բոլոր միջնորդների և միջազգային հանրության աջակցությունը։ Բոլոր արձագանքներում կարմիր թելի նման անցնում էր ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը»,- ասաց Տարասովը։
Հիշեցնենք նաև, որ մարտի 31-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագայի որոշման հարցում՝ 2019թ. մարտի 9-ին համանախագահների հայտարարության մեջ շարադրված սկզբունքներին և տարրերին համապատասխան։
«Դրա հետ մեկտեղ՝ համանախագահները նշում են, որ համանախագահող երկրներից ոչ մեկը կամ ցանկացած այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ, ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ լեռնայինղարաբաղյան հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման շարունակական բանակցությունների արդյունքը»,- նշված էր հայտարարության մեջ։