ԵՄ-ն ստեղծում է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին տեղեկատվության փոխանակման խումբ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև:
Այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս խումբը ստեղծվում է ժամանակավոր աջակցման նպատակով, կորոնավիրուսի դեմ պայքարում տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու, քաղաքացիական իշխանություններին ռազմական աջակցություն ապահովելու համար: Այս քայլն իրականացվում է ապրիլի 6-ին ԵՄ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ կայացրած որոշման համաձայն»,-ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ զինվորականներն արդեն իրենց աջակցությունն են ցուցաբերել արտերկրից ԵՄ քաղաքացիների վերադարձի, բժշկական սարքավորումների ու պարագաների, ինչպես նաև ԵՄ երկրներով կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելու հարցում: