Լենա Նազարյանի հուզիչ ընթեցանությունն ու բյուրեղացված մտքերը՝ պաշտոնյաների բարձր աշխատավարձի անհրաժեշտության մասին

Հանրային տիրույթում պարբերաբար վերսկսվում են պետական համակարգում աշխատողների, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների մասին խոսակցությունները, ուստի չեմ կարող անարձագանք թողնել հնչեցված կարծիքները:

Այսպես սկսեց այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթը։ Իսկ մինչև բուն թեմային անդրադառնալը՝ հիշեցրեց, որ ԱԺ աշխատակազմի 700 աշխատակիցների և պատգամավորների ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար նախատեսված պարգևատրումների ֆոնդը փոխանցվել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

«Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների  վարձատրության  մասին, շատ արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել այլոց,  պետական համակարգի ներսում՝ նաև ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահների աշխատավարձի բարձրացման համատեքստում, իհարկե, դա ամենաարդար մոտեցումն է՝  բարձրացնել բոլորի աշխատավարձը համաչափ և  միանգամից,  և սա շատ լեգիտիմ հարցադրում է, և սրան  պատասխանը հետևյալն է՝ այս պահին Կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի նպատակը բոլորի բարեկեցությունն է: Մի օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու.  մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաև վերջին 2 տարում ավելացել համայնքային բյուջեն, մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդիրների պատճառով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու: Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում, այո՛, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ՝ հենց այդ նույն այդ պաշտոնյան, կամ ո՞վ պետք  է մշակի և կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք իր ծնողների կամ զավակների  կյանքի և առողջության փրկության համար չմեկնի  արտագնա աշխատանքի, կամ չվաճառի վերջին ունեցածը. կրկին  համապատասխան գերատեսչության պետական պաշտոնյաները, ուրեմն մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողներն ամեն պատահարի բերումով  թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը և դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու համար,- ԱԺ ամբիոնից հուզված ընթերցեց Լենա Նազարյանը, իսկ երբ հիշեցրին, որ հայտարարությունների համար նախատեսված ժամանակը  սպառվել է, հավելեց,- Խոսելով նախարարների վարձրատության մասին, բնականաբար, նրանց բարեկեցության հարցը չէ, որ ես դնում եմ, և դա չէ այն  մտահոգությունը, որով մենք  ստանձնել ենք մենք քաղաքական հանձնառությունները: Քննարկմանը մասնակցելով՝ ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն  է ու հանրային բարեկեցության աճը: Եթե բյուրեղացնեմ  միտքս, ապա դա այն է, որ կառավարությունը խնդիր ունի կադրային քաղաքականության միջոցով լուծել հանրային համընդհանուր բարեկեցության խնդիրներ»:  Նազարյանն իր ընթեցանությունը շարունակեց  նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի հարցը չքննարկելու, նրանց ստվերային գումարների, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից ունեցած կախվածության մասին արդեն նախկինում արած իր գրառման մասին:

«Ուրեմն պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցն անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է, և հանրությունը պետք է թույլ տա բաձրաստիճան պաշտոնյաների և պետական ողջ համակարգի աշխատողների վարձատրության հարցը լուծել համակարգային, բարեփոխումները հարատև դարձնելու նպատակով»,- այսպես եզրափակեց իր հայտարարությունը ԱԺ փոխխոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս