«Հետհամաճարակային աշխարհակարգում Հայաստանը պետք է սահմանի իր ուրույն տեղն ու դերը». Գոռ Գևորգյանն առաջարկում է ապավինել գիտական մտքին

«Համաճարակի հետևանքով աշխարհն արագ փոխակերպվում է, և հազիվ թե այն պահպանի իր նախկին ձևը: Արդյունքում՝ սկիզբ առած համաշխարհային ճգնաժամը գալիս է փաստելու, որ մենք որակապես թևակոխում ենք նոր շրջան, որի շատ ու շատ իրողություններ դեռևս ձևավորման փուլում են: Ինչպես աշխարհի շատ պետություններում, մեզ համար ևս կարևոր է հասկանալ, թե որն է լինելու մեր տեղը հետհամաճարակային աշխարհակարգում»,- այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ շատ պետություններ, ունենալով ժամանակակից չափորոշիչներին համապատասխան զարգացած համակարգեր, չկարողացան կանխատեսել գալիք աղետը և համակարգված կանխելու աղետի հետևանքները: Պատգամավորը հարց է բարձրացնում, այս ամենն արդյո՞ք նշանակում է արդյունավետ կառավարման ձախողում և, պատասխանելով իր իսկ հարցին՝ նկատեց՝ եթե դա այդպես է, ապա ժողովրդավարական համակարգերը չունեն զարգացման այլընտրանք, նրանք ստեղծված են բարդ իրավիճակում և պետք է շարունակեն պահպանել ժողովրդավարությունը:

«Տարընթերցումներ չլինելու համար՝ ասեմ, որ ժողովրդավարությունը գոնե ինձ համար շատ տարողունակ է, որն առաջին հերթին՝ սկսվում է ինքնակազմակերպումից մինչև բացարձակ կարգապահություն: Կարծում եմ, թե՛ մեր պետությունը, թե՛ հասարակությունը հետհամաճարակային աշխարհում ևս պետք է հավատարիմ մնա լուսավորական արժեքներին և դիմակայի ամեն տեսակ վայրիվերումների ու ցնցումների:

Հետհամաճարակային աշխարհակարգում Հայաստանը պետք է սահմանի իր ուրույն տեղն ու դերը, թե ինչպես, այս հարցի շուրջ պետք է շարունակենք մեր մտորումները, սակայն մի շարք իրողություններ այլևս պարզ են, ուզում եմ հղում կատարել հայկական գիտական ներուժին: Ինչպես հայտնի է՝ օրերս պետության  կողմից ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին հատկացրեց խոշոր գումար՝ կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրություն սկսելու համար»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս