Կորոնավիրուսի տարածումն ինչ է փոխել ԼՂ հակամարտության գոտում և ինչ կկարողանան անել համանախագահ երկրները

Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքն  է դարձել ողջ աշխարհի համար, որը մարտահրավեր է նետում նույնիսկ ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներին՝ նոր թե ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններ սահմանելով կամ այդ առաջնահերթությունները լիովին չեզոքացնելով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության նահանջի մասին դեռ վստահելի վերլուծություններ չկան, և որևէ մեկը չգիտի, թե աշխարհում դեռ որքան կերկարաձգվի ներկայումս ստեղծված իրավիճակը, դեռ որքան երկրները կշարունակեն փակ մնալ արտաքին աշխարհի համար, և դեռ որքան անհրաժեշտ կլինեն հասարակությունների համար արտակարգ ռեժիմներ, ինչը ստիպում է գնահատել այն բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող են տեղի ունենալ հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում: Եվ չնայած քաղաքագետների մեծամասնությունն ավելի քիչ հավանական է համարում պատերազմական սցենարի կրկնությունն այս փուլում, Ադրբեջանի փորձագիտական, դիվանագիտական համայնքի որոշ ներկայացուցիչներ ստեղծված իրավիճակից օգուտներ քաղելու կոչերով են հանդես գալիս։ Օրերս նման կարծիք էր հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են դեմ հանդիման՝ առանց համանախագահների և Հայաստանի հենարանների, ինչը լավ փուլ է Ադրբեջանի համար օգուտներ քաղելու համար։

168am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ համաձայն է հնչող այն բոլոր կարծիքների հետ, որ ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունները, այդ թվում՝ դրանց որոշակի մասը կազմող հակամարտությունները, տարաձայնությունները, բանակցությունները երկրորդ պլան են մղվել։ Նրա գնահատմամբ՝ որքան էլ որ հակամարտող երկրները փորձեն ցույց տալ, որ այս իրավիճակում ևս պատրաստ են ամեն տեսակի զարգացման՝ տեկուզ վատթարագույն, դա շատ դժվար սցենար է, վտանգավոր և անմիտ։

«Այսօր առաջատար երկրները ռեսուրս չունեն դիմակայելու վիրուսի տարածմանը, չունեն անհրաժեշտ միջոցներ պատշաճ  առողջապահական ծառայություններ մատուցել իրենց հասարակություններին, ճիշտ կանխարգելիչ գործողություններ իրականացնել, որոնց համար ևս միջոցներ են հարկավոր, դրա հետ մեկտեղ՝ փորձում են խուսափել հետագա տնտեսական ճգնաժամից։ Վիրուսի դեմ պայքարն այնքան ռեսուրս է կլանում, որ դրա հետևանքները բոլոր երկրները զգալու են դրա սպառնալիքի չեզոքացումից հետո ևս։ Այս պայմաններում պատերազմելու ռեսուրսը, այդ թվում՝ արցախյան ուղղությամբ, քիչ հավանական եմ համարում։ Դա տրամաբանական քայլ չի լինի, քանի որ առջևում, ամենայն հավանականությամբ, ճգնաժամային փուլ է, եթե այն դեռ չի սկսվել»,- նման կարծիք հայտնեց  գերմանացի վերլուծաբանը։

Համանախագահ երկրները, ըստ նրա՝ ևս տարված են իրենց սեփական կորոնավիրուսային խնդիրներով, ինչպես տեսնում ենք՝ ԱՄՆ-ում է իրավիճակը բարդ, Ռուսաստանը ևս լծված է կորոնավիրուսի դեմ պայքարին, Ֆրանսիան՝ նույնպես։ «Սակայն ես կարծում  եմ, որ համանախագահ երկրների ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա մշտապես նույնն է, ինչպես նախկինում էին համանախագահները կարողանում փոխել «եղանակը» հակամարտության գոտում, այնպես էլ հիմա կանեն, եթե հանկարծ որևէ զարգացում լինի։ Ես անձամբ այդ ազդեցությունը շատ փոքր եմ համարում։

Մենք գիտենք, որ էական ազդեցություն կողմերի վրա ունի Ռուսաստանը, և այսօր ևս Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունն անհրաժեշտության դեպքում։ Ուստի, ինչպես միշտ, ավելի մեծ պատասխանատվությունը կողմերինն է, թե նրանք ինչպես կգնահատեն իրենց սեփական ուժերը, որոնք չափազանց սահմանափակ են, և ինչպիսի որոշումներ կկայացնեն։ Սա այն իրավիճակն է, երբ ստատուս-քվոն բխում է թե կողմերի, թե համանախագահ երկրների և ողջ աշխարհի շահերից, քանի որ նման իրավիճակում պատերազմական սցենարը շատ ավելի անկանխատեսելի է, քան այլ պայմաններում»,- ասաց Հալբախը՝ շարունակելով, որ յուրաքանչյուր սցենար հակամարտությունների դեպքում հնարավոր է, քանի դեռ իշխանությունները գործում են, նրանց վարած քաղաքականությունը՝ ևս, սակայն շատ ավելի կարևոր են այդ սցենարների հետևանքները։

«Ինչպես ասացի, առաջնային պատասխանատվությունը կողմերինն է, և նրանք պետք է հասկանան իրավիճակի լրջությունը և նույնիսկ վերացնեն հրադադարի խախտումները»,- ասաց նա։

Իր հերթին՝ մեկ այլ գերմանացի քաղաքագետ՝ Ալեքսանդր Ռարը, ասաց, որ միայն կորոնավիրուսի տարածումը չէ, որ խնդիր է այս պահին դարձել աշխարհի համար։ Ըստ նրա՝ արդեն իսկ այսօր կա ճգնաժամ էներգակիրների շուկայում, որը վաճառող երկրների համար լուրջ տնտեսական խնդիրներ է ստեղծել, այդ թվում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի։

«Այսինքն՝ այսօր ռեալ խնդիրները չափազանց շատ ու անհաղթահարելի են, այս իրավիճակում հռետորաբանությունը պետք է տարբերակել նաև քաղաքական ծրագրերի իրատեսականությունից։ Գուցե հնչեն վերլուծություններ, որ հնարավոր են պատերազմական սցենարներ, իսկ իրականում հնարավոր է ամեն զարգացում, սակայն չեմ կարծում, որ իշխանությունները կգնան դրան՝ հասկանալով դրա բոլոր ելքերը։

Այսօր և Հայաստանը, և Ադրբեջանը պայքարում են կորոնավիրուսի դեմ, և այնպես չէ, որ դա հեշտ է տրվում, քանի որ այն տարածվում է ակնթարթորեն, ամենօրյա խնդիր ունեն իշխանությունները մարդկանց մեկուսացնելու, հիվանդանոցներում հիվանդ մարդկանց տեղավորելու կամ այլ վայրերում հիվանդանոցային պայմաններ ստեղծելու, քանի որ հիվանդանոցները չեն բավականացնում, ու այս շարքը կարող ենք այսպես թվարկել անվերջ, սա արտակարգ իրավիճակ է, իշխանությունները կենտրոնացնում են դրա լուծման համար արտակարգ ջանքեր, և նույնիսկ այդ պարագայում լիովին չի լուծվում խնդիրը։ Այսինքն՝ սա պակաս պատերազմ չէ, և սա տարածաշրջանային չէ, այլ՝ համաշխարհային։

Բնականաբար, կան նաև գործիչներ, որոնք մտածում են՝ ինչպես դիվիդենտներ քաղել, բայց դա հնարավորությունների հարց է, որը նրանք լավ հաշվարկում են, և տեսնում ենք, որ մեր երկրների հնարավորությունները, ցավոք, անսպառ չեն»,- նշեց Ռարը։

Տեսանյութեր

Լրահոս