Բաժիններ՝

«Ինչպե՞ս է ստացվում, որ համայնքի ղեկավարը պարտավոր է ներկայացնելու հայտարարագիր, իսկ ավագանու անդամը, որը կարող է հաջորդ օրը դառնալ համայնքապետ՝ պարտավոր չէ». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» խմբակցության կողմից ներկայացրած Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի նպատակները բարի են, սակայն անհասկանալի է մնում մեկ հարց, որ մի նախագիծ, որը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմիններին,  քննարկվում է Պետաիրավական հանձնաժողովում, սակայն չի քննարկվում Տեղական ինքնակառավարման և տարածքային հանձնաժողովում, ինչը, նրա բնորոշմամբ՝ նոնսենս է, քանի որ իրենք շատ բան ունեն ասելու, ինչը Պետաիրավականում չեն արել՝ չտիրապետելով գործի նրբություններին:

«Մասնավորապես, մենք հիմա օրենք ենք բերել, որը շուտով ներկայացվելու է ԱԺ-ին, որ բոլոր կարգի ընտրությունները ՏԻՄ-երում 4 հազարից ավելի բնակչություն ունենալու դեպքում՝ պետք է համամասնական ընտրական իրավունքով ընտրություններ կատարվի, այսինքն՝ ընտրվելու են ավագանիներ, որոնք իրենց միջից համայնքի ղեկավար են ընտրելու: Այս ինչպե՞ս է ստացվում, որ համայնքի ղեկավարը պարտավոր է ներկայացնելու հայտարարագիր, իսկ նույն ավագանու անդամը, որը կարող է հաջորդ օրը դառնալ համայնքապետ՝ պարտավոր չէ, զրո տրամաբանություն կա Ձեր արարքի մեջ, եթե իմ նշած կետը չի մտնում»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Ըստ նրա՝ կա նաև այնպիսի ինստիտուտ, երբ համայնքի ղեկավարը հրաժարական է  ներկայացնում, նրա փոխարեն՝ ավագանիից ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, ուստի հարց է առաջանում, նա ինչո՞ւ չպետք է հայտարարագիր ներկայացնի:

«Եթե նման կարգի քննարկումներ են տեղի ունենում, առաջնահերթն այն հանձնաժողովը, որը զբաղվում է այդ գործով, նրա մոտ պետք է քննարկվի, այնուհետև բերեն Պետաիրավական հանձնաժողով: Նախագծի բովանդակությունը Պետաիրավականի գործառույթը չէ, երբ խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, տարածքային կառվարմանը, դրա համար կա համապատասխան հանձնաժողով»,- շեշտեց նա:

Արձագանքելով՝ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իրենց հանձնաժողովն իրավաբանական վարչություն չէ, բացի այդ, յուրաքանչյուր գլխադասային հանձնաժողով ԱԺ-ի կողմից ընդունված որոշման հիման վրա ունի իր իրավասության ոլորտը, որից չի շեղվում:

«Ոչինչ չի խանգարում որևէ այլ հանձնաժողովի, որը գլխադասային չէ այս կամ այն հարցով, հրավիրի նիստ և տա եզրակացություն այս կամ այն հարցի վերաբերյալ: Ավելին՝ այն օրենքները, որոնցում նախատեսված է փոփոխություններ կատարել, վերաբերում է բացառապես Պետաիրավական հանձնաժողովին»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս