Բաժիններ՝

Փորձում ենք գտնել աջակցության այլ ուղիներ․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ հայրենադարձներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոր կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված արտակարգ դրությունից հետո շատ քաղաքացիներ սոցիալական խնդիրների առջև են կանգնել։ Հայաստանում կան սիրիահայեր և տարբեր երկրներից հայրենադարձ քաղաքացիներ, որոնց մեծ մասը նախքան արտակարգ դրությունն օրավարձով է աշխատել, իսկ հիմա չեն կարողանում կոմունալ վճարումներ կատարել, տան վարձ վճարել։

«Բոլորս 7-8 տարվա հայրենադարձներ ենք, ինձ նման շատերն արդեն ՀՀ քաղաքացի են, բայց այստեղ մեկ խնդիր կա․ տեղացիների նման մենք չենք աշխատել, 10 տարվա աշխատանքային ստաժ չունենք ու այդքան թոշակ չենք ստանում։ Մենք ամեն օր աշխատում ենք ու ծախսում, մեկը մատուցող է, մյուսը՝ ավտոմեխանիկ: Այսինքն՝ այսօր աշխատում են՝ այսօր ուտում, իսկ հիմա, երբ մեկ ամիս է՝ տանն են, ոմանք կոմունալները չեն կարողանում վճարել, ոմանք՝  սննդի կարիք ունեն։ Սիրիահայերի  90 տոկոսը նաև բնակարանի վարձի խնդիր ունի։

Նվազագույնը 80-90․000 դրամ վարձ են վճարում։ Առաջ կար Սփյուռքի նախարարություն, գոնե գնում էինք, խոսում, պարզաբանում էին, հիմա ո՞ւր գնանք, ո՞ւմ հետ խոսենք։ Սփյուռքահայը ո՞ւր պետք է դիմի՝ կառավարության ներկայացրած սոցիալական ծրագրից օգտվելու համար։ Շատերն այստեղի օրենքները չգիտեն, դրանք բացատրող էլ չկա։ Հասկանո՞ւմ եք, երկար ժամանակ Հայաստանում ապրողը գիտի, թե ո՞ւմ դիմի, ի՞նչ անի, բայց հայրենադարձը չգիտի, ոչ ոք չի ասում՝ այս կայքը մտի, այսպես արա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր հալեպահայ Հրայր Ագուլյանը:

Պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։

«Այս ընթացքում մեր գրասենյակն աշխատել է հատուկ ռեժիմով, ամեն օր գրասենյակի հեռախոսահամարին և ֆեյսբուքյան էջին ստանում ենք տասնյակ զանգեր և նամակներ, որոնց մի մասը՝ հայրենադարձների կողմից:

Գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատուն նույն օրվա ընթացքում կապ է հաստատում նրանց հետ, կառավարության տնտեսական և սոցիալական փաթեթների շահառու հանդիսանալու դեպքում տրամադրում անհրաժեշտ խորհրդատվություն և ուղղորդում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, շարունակում կապը նրանց հետ, հետևում ընթացքին: Միջոցառումների չափանիշերին չհամապատասխանության դեպքում մեր մասնագետները հնարավորության սահմաններում փորձում են գտնել աջակցության այլ ուղիներ մեր գործընկեր կազմակերպությունների և կառույցների միջոցով, որոնց ռեսուրսները, ցավոք, ևս սահմանափակ են:

Գրասենյակի հեռախոսահամարն աշխատում է շուրջօրյա՝ (+37410) 58-91-55, ակտիվ է ֆեյսբուքյան էջը, էլ. փոստին ուղարկված նամակներն անպատասխան չեն մնում՝ [email protected]»,- արձագանքեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս