«Մարդ մնում է անտեր ու չգիտի, թե ում դիմի»․ Հայրենադարձները կանգնել են սոցիալական խնդիրների առջև ու չգիտեն՝ ո՞ւմ դիմեն
Նոր կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված արտակարգ դրությունից հետո շատ քաղաքացիներ սոցիալական խնդիրների առջև են կանգնել։ Հայաստանում կան սիրիահայեր և տարբեր երկրներից հայրենադարձ քաղաքացիներ, որոնց մեծ մասը նախքան արտակարգ դրությունն օրավարձով է աշխատել, իսկ հիմա չեն կարողանում կոմունալ վճարումներ կատարել, տան վարձ վճարել։
«Բոլորս 7-8 տարվա հայրենադարձներ ենք, ինձ նման շատերն արդեն ՀՀ քաղաքացի են, բայց այստեղ մեկ խնդիր կա․ տեղացիների նման մենք չենք աշխատել, 10 տարվա աշխատանքային ստաժ չունենք ու այդքան թոշակ չենք ստանում։ Մենք ամեն օր աշխատում ենք ու ծախսում, մեկը մատուցող է, մյուսը՝ ավտոմեխանիկ, այսինքն՝ այսօր աշխատում են՝ այսօր ուտում, իսկ հիմա, երբ մեկ ամիս է՝ տանն են, ոմանք կոմունալները չեն կարողանում վճարել, ոմանք սննդի կարիք ունեն։ Սիրիահայերի 90 տոկոսը նաև բնակարանի վարձի խնդիր ունի։ Նվազագույնը 80-90․000 դրամ վարձ են վճարում։ Առաջ կար Սփյուռքի նախարարություն, գոնե գնում էինք, խոսում, պարզաբանում էին, հիմա ո՞ւր գնանք, ո՞ւմ հետ խոսենք։ Սփյուռքահայը ո՞ւր պետք է դիմի՝ կառավարության ներկայացրած սոցիալական ծրագրից օգտվելու համար։ Շատերն այստեղի օրենքները չգիտեն, դրանք բացատրող էլ չկա։ Հասկանո՞ւմ եք, երկար ժամանակ Հայաստանում ապրողը գիտի, թե ո՞ւմ դիմի, ի՞նչ անի, բայց հայրենադարձը չգիտի, ոչ ոք չի ասում՝ այս կայքը մտի, այսպես արա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ Հրայր Ագուլյանը:
Հարցին՝ չկա՞ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, Հրայր Ագուլյանը պատասխանեց․
«Նախկինում Սփյուռքի նախարարությունում մեկ հեռախոսազանգ էինք կատարում, սիրիահայերով զբաղվող անձին ներկայացնում էինք խնդիրը, օգնում էին, հիմա ո՞ւմ դիմենք, գնանք Սինանյանին ի՞նչ ասենք։ Ինքը գոնե իր ձայնը մեզ լսելի պետք է դարձնի, չէ՞։ Թող մեզ հետ կապ պահպանի, գնանք, խոսենք։ Մարդ մնում է անտեր ու չգիտի, թե ում դիմի։
Բոլորը տեղյակ են, որ սիրիահայերը օրավարձով աշխատողներ են եղել։ Այստեղ սիրիահայի մոտ 3000 ընտանիք կա։ Շատերն իրենց անձնական գործերը չեն հիմնել, 15-20 տոկոսն է, որ սեփական բիզնես ունի ու եկամուտ։ Մեծ մասն արագ սննդի կետերում մատուցող էր աշխատում։ Տղաներ կամ աղջիկներ էին, ովքեր առավոտյան բուհ էին գնում, կեսօրից հետո աշխատում էին, հիմա նրանք, երեք շաբաթ է՝ գործ չունեն։ Նույնը՝ մեքենա դզող-փչողների դեպքում։ Այսքան լրատվամիջոց կա, մի բառ չկա հայրենադարձների ու նրանց վիճակի մասին։ Ոչ մեկը չի հարցնում։ Չենք ասում՝ մեզ ողորմություն տվեք, բայց արդար ծրագիր կազմեք, որ այս ճգնաժամային երկու ամիսները հաղթահարենք, հետո՝ Աստված մեծ է։ Այսօր 1000 դրամի կարիք ունեցող մարդիկ կան, սա է մեր մտահոգությունը։ 5-6 տարին բավարար չէ, որ մարդն ընտելանա այլ երկրի պայմաններին, տարիներ շարունակ կառավարության ձեռքը նրանց վրա է, մինչև սովորեն։ Այլ երկրներում այդպես է»։