«Անուն-ազգանունով, արյան անալիզով՝ բոլորին հատ առ հատ գիտեմ». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում կոչ արեց կողմ քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահման» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, քանի որ լինելով գործող պատգամավոր՝ այն եզակիներից է, ով անգիր գիտի, թե յուրաքանչյուր դատապարտյալ ու կալանավոր ինչ խնդիրներ ունի:
«Անուն-ազգանունով, արյան անալիզով՝ բոլորին հատ առ հատ գիտեմ, այն եզակի պատգամավորներից եմ, ով տարիներ շարունակ եղել է քրեակատարողական հիմնարկներում: Օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ որևէ խոչընդոտ չկա որևէ ձերբակալված կամ կալանավորված անձի հանդիպելու համար, բայց մենք չպետք է ելնենք այն կանխավարկածից, որ, եթե այսօր չկա, վաղն էլ չի լինի: Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մեզ ասել են, որ կարող են մտնել քրեակատարողական հիմնարկ, որից հետո հիմնարկի պետը շատ սիրալիր հրավիրել է իր սենյակ, թեյ է հյուրասիրել և ասել, որ այդքանով մեր առաքելությունն այդ շենքում ավարտվում է: Որպեսզի այլևս նման նախադեպեր չլինեն, քանի որ մենք չպետք է ելնենք տվյալ պահի իշխանության տվյալ պահի բարի կամքից: Կարծում եմ՝ սա խնդիր է, որը օրենսդրորեն պետք է կարգավորվի»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա, միևնույն է, թե խնդիրն ինչպես կկարգավորվի՝ Քրեական օրենսգրքո՞վ, թե՞ մեկ այլ օրենքով. «Կարևորն այն է, որ կարգավորվի, որպեսզի եթե հրատապ անհրաժեշտություն առաջանա այցելելու որևէ կալանավորված անձի, չասեն, թե մեր այցը սահմանափակվում է միայն թեյ խմելով և պեչենի ուտելով»:
Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով էլ՝ կալանավորված անձանց այցելելու խնդիր կա, հակառակ դեպքում նման օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն չէր առաջանա:
«Տիկին փոխնախարար, ասում եք, որ քրեակատարողական հիմնարկներին ցուցում եք տվել, որ այնտեղ պատգամավորների այցերը չարգելեն, այսինքն՝ դուք էլ եք կարծում, որ խնդիր կա, դրա համար էլ ցուցում եք տվել, եթե ամեն ինչ լավ էր, ցուցում տալիս էինք, որ ի՞նչ անեիք: Եվ հետո, մի՞թե նման հարցերը պետք է ցուցումներով կարգավորվեն, վաղը կարող է հաջորդ նախարարը գա ու ասի՝ այդ ցուցումը վերացրեք: Կամ դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ կալանավորը պատգամավորի հետ հանդիպման ժամանակ, բերդի պետի կամ հսկիչի ներկայությամբ ինչպե՞ս պետք է արտահայտվի, օբյեկտիվությունը բա էլ ո՞ւր մնաց»,- իր խոսքն ուղղելով Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին՝ ասաց պատգաավորը:
Ըստ նրա՝ օրերս իրեն մի կին է զանգահարել և խնդրել է այցելել իր ամուսնուն, որին ծեծել են և չեն տեղափոխել հիվանդանոց:
«Հիմա ես գնում եմ քրեակատարողական հիմնարկ, դուռը բացում, ներս եմ մտնում, բայց ասում են, որ տեսակցելու իրավունք չունեմ: Կարո՞ղ է՝ մենք գնում ենք քրեակատարողական հիմնարկ, որ տեղի մթնոլորտային ճնշումը չափենք, ի՞նչ է, կարո՞ղ է դռան մոտից գոռամ՝ կալանավոր այսինչյան, կարո՞ղ է՝ ձեզ ծեծել են, նա էլ ասի՝ այո կամ ո՞չ»,- եզրափակեց պատգամավորը: