Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան»-ին հիշեցնում է՝ մեկ տողանոց նախագիծ եք բերել
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հանրային ծառայությունների մասին և Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով սահմանվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների համար պետք է պարտադիր դառնա եկամուտների հայտարարագրումը:
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այս նախագծի վերաբերյալ տեղեկացրեց, որ այն արժանացել է հանձնաժողովի դրական գնահատականին և առհասարակ նախագծի վերաբերյալ կար բոլոր խորհրդարանական խմբակցությունների միջև կոնսենսուս, քանի որ խոսքը վերաբերում էր այնպիսի կարգավորումներին, որոնք կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքով սահմանված չէին:
«Սակայն չեմ կարող չանդրադառնալ առավոտվանից հնչող մի քննադատության: Այս նախագիծը բաղկացած էր ընդամենը մեկ տողից, թեև շատ կարևոր: Հետո պարզ դարձավ, որպեսզի այն կենսունակ դառնա, պետք է համալրվի, փոփոխություններ պետք է կատարվեն այլ օրենքներում: Մենք ձեզ հետ հավասար աշխատել ենք, սա չի դիտարկվում ինչ-որ մի բան, որի համար դուք պետք է շնորհակալություն հայտնեք, դա մեր պարտականությունն է եղել, որը մենք իրացնում ենք բոլոր խմբակցությունների հետ միասին: Եկեք աշխատենք համատեղ, բայց միաժամանակ խնդրում եմ՝ մեր այն դիտողությունները, որոնք հնչում են, մի որակեք որպես անլրջություն: Կան տարբեր կարծիքներ, շատ դեպքերում իմ կարծիքը չի դիտարկվում՝ որպես գերակշռող հանձնաժողովում, բայց ժողովրդավարությունը պահանջում է հաշվի առնել մեծամասնության կարծիքը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նշենք, որ այս նախագծով 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը համայնքների բոլոր ղեկավարներն ու նրանց տեղակալները պետք է ներկայացնեն հայտարարագրեր:
Այն պաշտոնյաները, որոնց լիազորությունները կդադարեն մայիսի 1-ից սկսած մինչև հայտարարագրման ավարտը, ապա նրանք պարտավորված են լինելու ներկայացնել նաև և՛ պաշտոնը ստանձնելու, և՛ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիր: