«Ապրիլի 8-ին հավանել եմ նկարը, որտեղ ադրբեջանցի զինվորների «լեշերը» փռած էին մեր չեզոք գոտում, ինչպե՞ս այս ամենը կդիտարկեք». Արման Աբովյան

ԱԺ հերթական նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ հարցը: Նախագծերից մեկով նախատեսված է քրեականացնել բռնության մասին կոչերը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ նպատակը լավն է, քանի որ որևէ մեկը երբեք չպետք է արդարացնի բռնությունները, սակայն նախագիծը չի հստակեցնում և մեկնաբանությունների տեղիք է տալիս, իսկ այդ մեկնաբանությունները կարող են տարատեսակ լինել և հակառակ արդյունքն ունենալ:

«Բժշկության մեջ կա նման սկզբունք՝ մի վնասիր, հիմա լավ նպատակ հետապնդելով՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ բռնության կոչերը, որոնք արվում են, կարող են և արդարացվել: Հիմա կբերեմ մեկ օրինակ, ասենք՝ ես արդարացնում եմ մեր տղաների 20-րդ դարասկզբին իրականացրած Նեմեսիս գործողությունը, երբ ոչնչացվեցին թուրքական Կառավարության ղեկավարները, Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային՝ իր աշխարհայացքի համար, քանի որ նա կարծում էր, որ հայերը պետք է ոչնչացվեն:

Իհարկե, շատ սուր օրինակ եմ բերում, բայց պետք է հիմնվենք բոլոր կանխատեսումների վրա, օրինակ՝ ապրիլի 8-ին հավանել եմ նկարը, որտեղ ադրբեջանցի զինվորների «լեշերը» փռած էին մեր չեզոք գոտում, նկարին կից գրված էր, որ ճիշտ են արել մեր զինվորները՝ սպանելով ադրբեջանցիների զինվորներին, որոնք հարձակվել են Թալիշ գյուղի վրա: Հիմա ի՞նչ, սա արդարացնո՞ւմ եմ, չե՞մ արդարացնում, ինչպե՞ս այս ամենը կդիտարկեք: Ըստ օրենքի, այս ամենը կարող ենք դիտարկել բռնության կոչերի արդարացում: Գոյություն ունեն իրավիճակներ, որոնք պետք է հաշվի առնենք»,- շեշտեց Արման Աբովյանը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ցանկացած օրենք, մասնավորապես՝ նմանատիպ օրենքներ ընդունելիս, պետք է անպայման հաշվի առնել հայկական ավանդույթները, եկեղեցին, ընտանիքը, պատմությունը և բոլոր այն պարագաները, որոնք կարող են ինչ-որ տեղ դիտարկվել օրենքի կիրառման դեպքում:

«Ցավոք, օրենքը կրկին լղոզված է, թե՛ արդարացման պահով, թե՛ որոշակի դրույթների պահով, կարծում եմ՝ այս տեսքով օրենքը չի համապատասխանի այն նպատակներին, որին պետք է ծառայի: Ինչ վերաբերում է համաշխարհային օրինակներին, պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր տեսլականը, և անիմաստ է ասել՝ տեսեք, մյուսներն արել են, եկեք մենք էլ անենք»,- եզրափակեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս