«Զորակոչի ժամկետի երկարաձգման մասին դեռ վաղ է խոսել». Սահակ Օհանյան
Զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիք չկա: Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը` վստահեցնելով, որ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունն ի զորու է, և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ նման խնդրի առաջ դեռ կանգնած չենք:
«Անհրաժեշտության դեպքում եթե պահանջվի անցնել զորանոցային վիճակի, ապա զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի,-շեշտեց Օհանյանը:
168.am-ի հարցին` որքանո՞վ են հայ ռազմաբժիշկները պատրաստ կորոնավիրուսի դեմ մասնագիտական պայքարին, և որքանո՞վ են ընդգրկված դրանում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը պատասխանեց` պատրաստ են 100 տոկոսով, ընդգրկված են` ըստ անհրաժեշտության:
«ՀՀ ԶՈւ բժշկական ծառայությունն իր տարիների փորձը ներդնում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Բացի այս, զինված ուժերը գրեթե միշտ հակահամաճարակային գործառույթներ են իրականացնում, բոլորս գիտենք, որ մեծ կոլեկտիվներում վարակը շատ շուտ է տարածվում: Դեռևս տարիներ առաջ մի քանի անգամ մենք փաստի առաջ ենք կանգնել, երբ H1N1 գրիպն է տարածված եղել, և այդ ժամանակ, կարող եմ վստահեցնել, որ զինված ուժերի բժշկական ծառայությունը շատ մեծ ներուժ դրեց և լուրջ պայքարի մեջ էր, որն ավարտվեց հաղթանակով մեր ծառայության համար: Դրանք այն դեպքերն են, որոնց մասին հանրությունը տեղյակ չի լինում, քանի որ նեղ ոլորտային խնդիր է: Բայց վստահեցնում եմ` մեր բժիշկներն ունեն և’ այդ փորձը, և’ ունակությունները` պայքարելու նմանատիպ հիվանդությունների դեմ»,- հավելեց Օհանյանը:
168.am-ի հիշեցմանը, որ արտակարգ դրությունը երկարացվեց մինչև մայիսի 14-ը, և քիչ ժամանակ անց ըստ սահմանված կարգի պետք է մեկնարկի զորակոչը, ըստ այդմ` որքանո՞վ են զինկոմիսարիատները պատրաստ դրան, արդյո՞ք կատարվել են ախտահանման աշխատանքներ, և որպես ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, կարծում է հնարավո՞ր է ընդունված ժամկետներում զորակոչ իրականացնել:
Մեր հարցադրմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը վստահեցրեց, որ զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի:
«Անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել, դեռ վաղ է դրա մասին խոսել: Ասեմ, որ զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին, բոլորին հատկացված են անհատական պաշտպանիչ միջոցներ: Իսկ մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ, և յուրաքանչյուր օրվա ավարտից հետո դրանք կրկնվելու են»,-ընդգծեց Սահակ Օհանյանը: