Հանցագործությունների քանակական պատկերը
Հետաքրքիր երևույթ է վիճակագրությունը: Ինչ ասես՝ չի հաշվում: Ճիշտ է՝ հասարակական վստահություն-վերաբերմունքը որոշակիորեն չի գնահատում վիճակագիրների տիտանական աշխատանքը: Բայց միշտ հետևում ու օգտվում է նրանց աշխատանքից: Նպատակ ունենալով հասկանալ սոցիալ-տնտեսական կյանքը: Օրինակ, երբ 2018թ. իրավախախտումների վիճակագրությունը հանցագործությունների աճ էր արձանագրում, մասնագիտական տարօրինակ կարծիքներ էին հնչում:
Քաղաքական գործիչներից մինչև նուրբ ոլորտների փորձագետներից շատերն ասում էին, որ հանցագործությունների քանակը չի աճում: Պարզապես նախկին իշխանությունները պատշաճ հաշվառում չէին վարում ու թաքցնում էին հանցագործությունների քանակը: Հետո, երբ հոգնեցին այս բացատրությունից՝ հանցագործությունների աճը սկսեցին բացատրել 2018-ի մայիսին հայտարարված համաներումով: Մի քանի ամիս անց, երբ համաներումով արձակված «մասնագետները» կրկին վերադարձան մեկուսացման վայրեր, նորից անցան բացատրության առաջին տարբերակին: Մինչդեռ շատ ավելի տրամաբանական էր հասարակագիտական պարզ բացատրությունը:
Պետական կյանքի խոշոր ցնցումները, հեղափոխությունները խառնակ ժամանակներ են: Իրավախախտում-հանցագործությունները հենց խառնակ ժամանակներում են շատանում: Այն, որ այդ ժամանակները չեն ավարտվել, հաստատում է իրավախախտումների վիճակագրությունը, որ սառն ու անկիրք երևույթ է: Երևույթ, որ այս տարվա հանցագործությունների քանակը հրապարակում է՝ 2019թ. արձանագրված թվերի հետ համեմատելով: Հետևաբար՝ այլևս հնարավոր չէ արդարանալ «նախկինները հանցագործությունների իրական քանակը չէին արձանագրում» փայլփլուն արդարացումով:
2019թ. հունվար-փետրվարին արձանագրվել է 3655 հանցագործություն: Այս տարի աճը նկատելի է՝ 4166: Օրենսդրությունն իրավախախտումները բաշխում է չորս խմբի՝ ոչ մեծ և միջին ծանրության, ծանր և առավելապես ծանր: Չորսի գծով էլ աճ է արձանագրվել: Այն, որ անձի դեմ կատարված հանցագործությունների աճը համահունչ «ուղեկցվում» է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով, տխուր եզրակացության հիմք է տալիս:
Փաստորեն հասարակական կարգ ասածն առայժմ ի վիճակի չէ իրեն ու բնակչության առողջությունը պաշտպանելու: Պաշտպանելու գոնե անցած տարվա որակով (այս տարի գրանցվել է 634 հանցագործություն՝ նախորդի 531-ի դիմաց): Դրա լրացուցիչ (կամ ավելորդության աստիճանի լրացուցիչ) ապացույց է նաև այն, որ աճել են կեղծ փող կամ արժեթուղթ տպելու ու իրացնելու դեպքերը: Կրկնակիից ավելի: Այդ գործով բացահայտվել է 86 դեպք՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 38-ի դիմաց (մխիթարության արժանի փաստ է այն, որ հրազեն, ռազմամթերք պատրաստել և ապօրինի շրջանառություն կոչված հանցագործության աճը կրկնակիի չի ձգում. 106 դեպք՝ 2019-ի 56-ի դիմաց):
Այն, որ հանցագործությունների ընդհանուր քանակում աճել է նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը, կարելի է նախկինների վրա գցել: Նույն բացատրությունը կարելի է տալ նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ հանցագործությունների աճին:
Ի վերջո, նախկինների մեղքերն այնքան շատ են, որ վերջին երկու տարվա դեպքերն էլ նրանց վերագրելը շատ բան չի փոխի:
Հուսով եմ՝ այսպիսի վիճակագրական տվյալների պաշտոնական հրապարակումը խուճապածին համարել չի կարելի: