
2000 միայնակ և անժառանգ տարեցների պարենային 30կգ-անոց արկղեր են տրամադրվել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանն իր բյուջետային ֆոնդից 45 մլն դրամ է հատկացրել արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի բնակիչների սոցիալական աջակցության համար։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ աջակցություն են ստացել 2000 միայնակ և անժառանգ տարեցներ, որ տնից դուրս չգան.
«30 կիլոգրամանոց պարենային արկղեր են տրամադրվել տարեցներին, հաշվվել է, որ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի կալորիականության պահանջին: Մեկ ամիս այս մարդիկ հնարավորություն ունեն դուրս չգալ տնից»,- ասաց Կարապետյանը:
Սրանից բացի, որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց պարգևավճարները փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարին.
«Քաղաքապետարանի անձնակազմի պարգևավճարային ֆոնդից 130 մլն դրամ փոխանցվել է բուժանձնակազմին: Քաղաքապետարանի համակարգում աշխատող 2000 աշխատակիցներն իրենց վարձատրության մի մասը զիջել են 1800 բուժաշխատողի, բացառությամբ քաղաքապետի, ով զիջել է իր մարտ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ»:
Հակոբ Կարապետյանը նաև նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները և Երևանի ավագանու անդամները կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված են՝ որպես կամավորներ: