«Մեղմ ասած, ես համոզված չեմ, որ այս ամեն ինչի հետևում կանգնած չէ Նիկոլ Փաշինյանը». Դավիթ Շահնազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանն Արցախի ընտրությունների հարցում և նրա ուղղակի կամ անուղղակի միջամտությանը դրանց, ասաց, որ այն, որ վարչապետն ուղղակիորեն խառնվել է, փաստ է:

«Ինքը կոչեր էր անում` ըստ էության նկատի ունենալով հենց Վիտալի Բալասանյանին: Քանի անգամ ասել է, որ Արցախը ձայն չի տա այդ ուժերին: Սա արդեն մտածողության շատ լուրջ դեֆեկտ է, երբ ամեն ինչ-հեղափոխություն-հակահեղափոխություն պարադիգմայում են նայում: Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով արդեն իսկ շատ ծանր հարվածներ է հասցրել Արցախի սուբյեկտայնությանը, Արցախի պետականությանը, և Արցախը, Արցախի նոր ղեկավարն ու Խորհրդարանը պետք է հասկանան մի բան, որ չի կարող պատահել, որ նույն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ունենան նույնական դիրքորոշում: Դա անհեթեթություն է: Չեն կարող ասել, որ Արցախը պետք է բանակցի, հետո ասել, որ նույնական են մեր դիրքորոշումները: Ոչ, չեն կարող նույնական լինել»,- նկատեց ԱԱԾ նախկին տնօրենը` հավելելով, որ չկան աշխարհում երկու պետություններ` ճանաչված թե ոչ, որ ունենան նույնական դիրքորոշումներ բոլոր հարցերում:

Դավիթ Շահնազարյանի խոսքով` Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը առանձին-առանձին հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ:

«Եվ ի՞նչ է ստացվում: Փաշինյանի հետ հանդիպելուց հետո՞ է Մասիս Մայիլյանը նման անպատասխանատու, Արցախի դեմ ուղղված հայտարարությամբ հանդես գալիս: Դա ի՞նչ հայտարարություն է: Դրա համար եմ ասում` մեղմ ասած, ես համոզված չեմ, որ այս ամեն ինչի հետևում կանգնած չէ Նիկոլ Փաշինյանը: Բայց Արցախի ժողովրդի բանականությունը, փորձը, չնայած այնտեղ էլ փոփոխություններ, ջուր պղտորողներ կան, որոնք փոքրաթիվ են, թույլ կտա հասկանալ, ես վստահ եմ, պատմական պահի կարևորությունը, և, կրկնում եմ, Արցախի իշխանությունների` Խորհրդարանի և նախագահի լեգիտիմությունը կասկածի տեղիք չպետք է տա, որը նրան շատ ավելի ամուր դիրքերից թույլ կտա խոսել թե միջազգային հանրության հետ, թե ՀՀ իշխանությունների հետ»,- նշեց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ, իհարկե, ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունն անհրաժեշտ է, բայց այն որևէ ձևով չպետք է լինի Արցախի սուվերենության ու ինքնիշխանության հաշվին:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս