ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը՝ կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն սկսելու մասին
Հայաստանի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Կառավարությանն առաջարկել է կազմակերպել կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն։ Տեղական արտադրության համար կառավարության կողմից հատկացվելու է 550 հազար դոլար։
Արտադրությունը կկազմակերպվի հենց ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանի փոխանցմամբ՝ արտադրությունը հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիաների, ախտորոշիչ մոտեցումների վրա, որոնք տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված են՝ որպես վիրուսային հիվանդությունն ախտորոշելու հնարավոր միջոց։
«Հայաստանում այս տեխնոլոգիայի իրականացման համար անհրաժեշտ է ձեռք բերել հիմքերը և նյութերը։ Այդ նպատակով այս պահին բանակցում ենք մի շարք արտադրողների հետ։ Իրականում նյութերի, պաշարների արտադրության պակաս այս պահին չի նկատվում, սակայն նկատվում է ախտորոշիչ թեստերի դեֆիցիտ, և յուրաքանչյուր երկիր այս պահին փորձում է լուծել իր ներքին պահանջարկի հարցը, ուստի այդ տրամաբանությունից ելնելով՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հանդես է եկել Հայաստանում ախտորոշիչ թեստեր արտադրելու առաջարկով։
Թեստերն նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից»,- օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն ունի մի քանի նպատակ՝ ստանալ ավելի մատչելի ախտորոշիչ թեստեր, կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով անխափան մատակարարում, շահել ժամանակ, այսինքն՝ փորձել արագ արձագանքել այդ պահանջարկի առաջացմանը, որն այս պահին շատ կարևոր գործոն է։
«Այս պահին ՀՀ կառավարությունը ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում է թեստերի տեղայնացման արտադրության նախապատրաստական և ֆինանսակազմակերպչական հարցերը։ Միաժամանակ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվում են ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքներ։ Ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականաչափ մեծ փորձ, գիտական և տեխնիկական ներուժ։ Հետազոտությունների մեծ մասում օգտագործվում են ՊՇՌ մեթոդները (այդ հետազոտությունները տպագրվում են միջազգային վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում և հանրամատչելի են)։ Մեր հետազոտությունների համար հիմնականում պատրաստի թեստեր գոյություն չունեն, ուստի այս կամ այն գիտական հետազոտության համար նոր թեստերի մշակումը և օպտիմիզացիան ինստիտուտի գիտական անձնակազմի ամենօրյա գործառույթներից մեկն է, և այդ փորձը կներդնենք այս նախագծում, ինչը կապահովի դրա հաջող իրականացումը»,- նշեց Արսեն Առաքելյանը։
168.am-ի հարցին՝ անհրաժեշտ պարագաները, նյութերը ձեռք բերելու համար որքա՞ն ժամանակ է պետք, և ո՞ր երկրներից է բերվելու, կա՞ն անհրաժեշտ սարքավորումներ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը պատասխանեց․
«Անհրաժեշտ սարքավորումներ կան։ Ամեն դեպքում մենք հիմա ուսումնասիրում ենք որոշ սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը, որոնք անհրաժեշտ չեն, բայց կարող են գործընթացն ավելի արագացնել, ինչ վերաբերում է նյութերին, ապա մեր աշխատանքային պրոցեսի մեծ մասը կազմում են այդ նյութերն արտադրողների հետ բանակցությունները, որը հիմա իրականացնում ենք»։
Հարցին՝ ե՞րբ կսկսվի թեստերի արտադրությունը, Արսեն Առաքելյանը պատասխանեց՝ այն ժամանակ, երբ համապատասխան նյութերը կկարողանան ձեռք բերել, տեխնոլոգիական առումով գործընթացը բարդ չէ, նյութերի առկայություն դեպքում կկարողանան արագ սկսել այն, իսկ սկզբնական շրջանում, իհարկե, ոչ շատ երկար ժամանակ պետք կլինի որոշակի փորձարկումների, որակի վերահսկման համար։
Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք թեստերը նաև կարտահանվեն այլ երկրներ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը պատասխանեց․ «Մեզ համար առաջնային խնդիր է՝ ապահովել արտադրություն Հայաստանի համար, հետագան ցույց կտա՝ գուցե արտահանենք, գուցե՝ ոչ»։