Բաժիններ՝

Եթե քաղաքացին 4-րդ խմբի շահառու է, բայց գրանցված է 6-րդում, տեխնիկական խնդրի կարգավորումից հետո, պակասող գումարը կփոխանցվի. ԱՍՀ նախարար

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից 4-րդի և 6-րդի ֆինանսավորումն արդեն հասանելի է, այսինքն՝ ինչպես ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդեն երկու օր է՝ այն քաղաքացիները, որոնք  այդ ծրագրերի շահառուներ են, կարողանում են ստանալ գումարը և ստանում են:

Հիշեցնենք, որ 4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել էին աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Նրանք միանվագ կարող են ստանալ 100.000 դրամ գումար:

6-րդ ծրագիրը, նախարարի խոսքով,  վերաբերում է նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված այն անձանց, որոնք երեխա չունեն: Նրանք միանվագ կարող են ստանալ 68.000 դրամ:

«Այսինքն՝ այս երկու ծրագրերը շատ նման են միմյանց, և այս ծրագրերի շահառուները կարող են նաև կրկնվել: Ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ է քաղաքացին, թե՞ ոչ, կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում: Այսինքն՝ հասկանալու համար, թե իրեն վերաբերո՞ւմ է այս ծրագիրը, թե՞ ոչ, կարող է այդ կայքի միջոցով մուտքագրել իր տվյալները և ճշտել, որտեղ նշված է այն բանկը, ուր կարող է մոտենալ քաղաքացին՝ անձը հաստատող փաստաթղթով, և ստանալ աջակցությունը»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշեց, որ 6-րդ ծրագրի շահառուների ցանկն ամբողջական է, խոսքը  6723 մարդու մասին է: Ինչ վերաբերում է 4-րդ ծրագրին, ապա այդ դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է:

«Մենք ի սկզբանե նշել ենք, որ քաղաքացին սոցիալական ծրագրերով կարող է ընտրել, թե որ ծրագրի շահառու է ուզում դառնալ, որն է իրեն ավելի համապատասխան, եթե մեկից ավելի ծրագրերով է կարող ստանալ»,- պարզաբանեց նախարարը:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացին կարող է 4-րդ ծրագրով ստանալ 100.000 դրամ, բայց իր անունը գտել է 6-րդ ծրագրի շահառուների ցանկում, հետևաբար՝ պետք է ստանա 68.000 դրամ՝ նախարարը նշեց, որ տեխնիկական այս խնդիրը կարգավորվելու է:

«Բայց եթե, օրինակ, մարդն այս պահին իր անունը գտել է 6-րդ ծրագրի ցուցակում, բայց ինքը նաև 4-ի շահառու է, բնականաբար, կարող է  այս պահին ստանալ 6-րդ ծրագրով սահմանված աջակցությունը, և հենց որ իր տվյալները նաև հայտնվեն արդեն 4–րդ ծրագրում, նաև համակարգով պարզվի, որ նա այս ծրագրի շահառու է, բնականաբար, կփոխանցվի նաև այն պակասող գումարը, որը կարող էր ստանալ 4-ի դեպքում»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս